Գեղարքունիքում գետերի ափերին 500 հազար ուռենի կտնկվի

Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի երրորդ տասնօրյակից ՀՀ կառավարության կողմից իրականացվող համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում մեկնարկում է «Գետերի ափամերձ տարածքների պաշտպանության ծրագիր»-ը, որն իր մեջ ներառում է գետերի ափամերձ տարածքներում ուռենու կտրոնների, առանձին ծառատեսակների տնկիների տնկման և աղբահավաքման ու աղբահեռացման աշխատանքներ: Ծրագրի մեկնարկից առաջ, սեպտեմբերի 16-ին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ծրագիրն իրկանացնող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող ECOserve բնապահպանական ծրագրի և «Էյ Թի ՓԻ» կազմակերպության ներկայացուցիչներին, ինչպես նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետներին: Ինչպես ներկայացրեցին վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները, ծրագրի պատասխանատուներ Ալլա Բերբերյանը և Արթուր Հարությունյանը, նախատեսվում է Մաքենիս, Մարտունի և Արգիճի գետերի ափերում կատարել 50 հազար տնկիների և մինչև 500 հազար հատ ուռենու կտրոնների տնկում: Աշխատանքներում պետք է ներգրավվեն մինչև 450 աշխատողներ, ովքեր կվճարվեն կատարած աշխատանքի դիմաց սահմանված չափորոշիչներով:

Միաժամանակ պետք է կենցաղային աղբի թափոններից մաքրվեն գետերի հուներն ու ափերը: Աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար նրանք խնդրեցին Գեղարքունիքի մարզպետարանի և առանձին համայնքապետարանների աջակցությունը: «Ցանկալի է, որ աշխատանքներում մարդիկ ընդգրկվեն զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ներկայացված ցուցակներով: Կարևոր է նաև, որ առաջին հերթին նախապատվությունը տրվի կորոնավիրուսից տուժած անձանց կամ ընտանիքներին: Այս ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերությամբ, միաժամանակ բնապահպանական կարևոր նշանակություն է ձեռք բերում:

Ծրագրի առաջին փուլը, որն իրականացել է այս տարվա գարնանը, տվել է ցանկալի արդյունք. Մաքենիս և Արգիճի գետերի ափերում տնկված ուռենու մոտ 110 հազար կտրոններից, մեր դիտարկումներով, բավարար կպչողականություն են ապահովել դրանց ավելի քան 60 տոկոսը: Կտրոնների և տնկիների տունկը նախատեսում ենք իրականացնել սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Հուսով եմ, որ համայնքները բարեհաջող կներգրավվեն ծրագրերում: Նրանց հետ համատեղ մենք պետք է հոգանք տնկիների հետագա պահպանության և խնամքի մասին: Ծրագիրն ունի նաև կրթական բաղադրիչ, որով նախատեսվում է ուսուցում կազմակերպել մեր շահառուների հետ՝ նրանց տալով համապատասխան գիտելիքներ ու տեղեկատվություն»,-նշեց «Էյ Թի ՓԻ» կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Հարությունյանը:

ԳՀՄԸ-ի կողմից իրականացվող ECOserve բնապահպանական ծրագրի ներկայացուցիչ, ծրագրի պատասխանատու Ալլա Բերբերյանը հույս հայտնեց, որ գետերի ափամերձ տարածքները կենցաղային աղբի թափոններից մաքրելուց հետո համայնքապետարանների պատասխանատվությամբ կբացառվի կամ նվազագույնի կհասցվի դրանց հետագա աղտոտումը:

Մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար Գեղարքունիքի մարզպետարանը կցուցաբերի պահանջվող աջակցությունը: Ծրագրի իրականացմանն իրենց աջակցությունը կցուցաբերեն նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը և «Սևան ազգային պարկ»-ը: «Մենք պատրաստ ենք համատեղ աշխատելու, որպեսզի հնարավորինս արդյունավետ իրականացվի տնտեսական ու բնապահպանական նշանակության այս կարևոր ծրագիրը: Համայնքների հետ ևս կաշխատենք համագործակցված, կկարգավորենք նախապատրաստական շրջանում ի հայտ եկած բոլոր խնդիրները»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում