Ահազանգ․ Գայլի ձագը՝ բանտարկության մեջ, քաղաքացին զուգավորում է գայլին և շանը (տեսանյութ)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: 

Օրերս ստացել ենք ահազանգ այն մասին, որ քաղաքացին ցանկանում է զուգավորել վայրի գայլի ձագին և «Հասկի» ցեղատեսակի շանը։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի 24-ամյա բնակիչ Ալեք Ղարիբյանը այս մասին հրապարակային հայտնել է համացանցում՝ գրելով․ «ինձ մի հատ էգ հասկիի ձագ առաջարկեք ես էլ ձեզ հասկիի ու գայլի ձագ կտամ․ Ասեմ որ ավելի շատ հետաքրքիր ձագ ա դուրս գալիս գայլիի ու հասկիի զույգավորումից»։

Ալեք Ղարիբյանը նաև բեռնել է տեսանյութ, որտեղ վանդակում բանտարկված ոռնացող գայլի ձագ է։ 

Ընդգծենք, որ քաղաքացին ոչ միայն անազատ պայմաններում վայրի կենդանի է պահում, այլև ցանկանում է իրականացնել միջտեսակային խաչասերում։ 

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:  

Վերոնշյալը կարող է դիտարկվել նաև որպես կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք, ինչի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ 

Բեռնված տեսանյութն ու մեկնաբանությունն առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների մտահոգություն և դժգոհությունը, ինչից հետո Ալեք Ղարիբյանը հեռացրել է այն։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում