«Անհանգստացած եմ վագրի համար, որին պահում են Ձորաղբյուրի ամառանոցի վանդակում»․ ահազանգ (տեսանյութ)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ ՀՀ տարբեր մասնավոր տարածքներում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների մասին: Այս անգամ քաղաքացին հայտնել է Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի տարածքում գտնվող ամառանոցներից մեկում պահվող վագրի /Panthera tigris/ առանձնյակի մասին: Ահազանգող քաղաքացին հայտնել է. «Ես շատ անհանգստացած եմ մի վագրի համար, որին պահում են ամառանոցի վանդակում: Կենդանուն կերակրում են, բայց ժամանակ առ ժամանակ վագրը ոռնում է, որովհետև բանտարկված է և կատարյալ մենակության մեջ է: Խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս կարող ենք կեդանուն օգնել»: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն այցելել է նշված տարածք, սակայն պարզել, թե ո՞ւմ է պատկանում նշված ամառանոցը, չի հաջողվել: Ձորաղբյուր, 3-րդ թաղամասում գտնվող ամառանոցն ամբողջությամբ փշալարապատ է: Թաղամասում բացակայում են կոնկրետ հասցեանշումները, սակայն տարածքում են գտնվում բազմաթիվ հայտնի «մեծահարուստների» պատկանող տներ:

Վագրի մասին տեղեկություն ստանալու նպատակով ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է. «...շրջակա միջավայրի նախարարությունը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 3-րդ թաղամասի Դերոյի փողոցում գտնվող առանձնատանն անազատ պայմաններում պահվող վագրի /Panthera tigris/ վերաբերյալ տեղեկատվություն չունի»:

Գրությամբ խնդրել ենք տրամադրել նաև տվյալներ վերջին 5 /2015-2020թթ․/ տարիների ընթացքում ՀՀ տարածք վագր /Panthera tigris/ տեսակի կենդանու ներմուծման դեպքերի մասին։ Արդյունքում պարզվել է, որ վերջին տարիներին ՀՀ տարածք վագր ներմուծելու ՍԻԹԵՍ հավաստագիր է ստացել «Զօօ Ֆաունա ԱՐՏ» ՍՊԸ և «Ֆաունա Զօօ» ՍՊԸ:

«Զօօ Ֆաունա ԱՐՏ» ՍՊԸ ՀՀ-ում կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «տխրահռչակ» համբավ ունեցող կազմակերպություն է, որի հիմնադիրը Արթուր Խաչատրյան անունով քաղաքացին է: Վերջինս 2016թ.-ին հետախուզվել է Ինտերպոլի կողմից մաքսանենգության հոդվածով և ներգրավված է եղել քրեական գործով։ 

Հետաքրքրություն է առաջացրել «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ն: Ըստ ՀՀ Կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ նշված ՍՊԸ հիմնադիրն Արամ Արթուրի Խաչատրյանն է՝ Արթուր Խաչատրյանի որդին: ՀՀ-ում կենդանիների առք ու վաճառքի բիզները այսպիսով դարձել է ընտանեկան․ հայր և որդի Խաչատրյանները շարունակում են տարբեր երկրներից կենդանիներ ներմուծել Հայաստան՝ վաճառելով դրանց այս կամ այն օլիգարխին, անտեսելով, որ ՀՀ-ում չկան կենդանիների ոլորտը կարգավորող և նրանց բարեկեցիկ կյանքը ապահովող պայմանները սահմանող իրավական նորմեր։ Բիզնեսմենները վաճառում են, իսկ թե ինչպիսին կլինի կենդանու ճակատագիրը՝ մնում է անհայտ։ Իրավիճակն ավելի է սրվում, երբ նույնատիպ վերաբերմունք է ցուցաբերվում նաև ՀՀ պետական գերատեսչությունների՝ Շրջակա միջավայրի նախարարության և ԲԸՏՄ կողմից։ Շրջակա միջավայրի նախարարի կողմից տրվում են տարբեր կենդանատեսակների ներմուծման թույլտվություններ, որոնց պահումը Հայաստանում ոչ միայն հակասում է կենդանու կենսաբանական պայմաններին, այլև՝ կատարելապես բացակայում են դրանց բարեկեցությունն ապահովող տարրական նորմերը։ 

Այսպիսով, հավանաբար, Ձորաղբյուրի մեծահարուստներից մեկի ամառանոցում բանտարկված վագրը վաճառվել է կենդանիների հաշվին բիզնես իրականացնող ընտանիքի կողմից: 

Ընդգծենք, որ նշված կասկածելի քաղաքացիների և կազմակերպությունների հետ ակտիվորեն համագործակցում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ նրանց մասնավոր տարածք տեղափոխելով վայրի բնության միավորներ հանդիսացող տարբեր կենդանատեսակների: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում