Հայաստանի կրկեսն առանց կենդանիների․ մեկնարկել է ստորագրահավաք
![](https://econews.am/disk/21-05-20/a8b28358173882c135cc9f86d686ae3f.jpg)
Հայաստանում սկսվել է ստորագրահավաք կրկեսներում կենդանիների շահագործման դեմ։ Ստորագրահավաքին կարելի է մասնակցել հղմամբ։
Ստորագրահավաքի ուղերձով ասվում է․ «Այս պահին կա բացառիկ հնարավորություն օրենսդրական մակարդակում արգելելու կենդանիների շահագործումը մարդկանց զվարճանքի կամ միայն բիզնես շահույթ ստանալու նպատակով, որովհետև փոփոխության է ենթարկվում «Կենդանական աշխարհի» մասին ՀՀ օրենքը: Մի շարք տեղական բնապահպանական կազմակերպություններ և բնապահպաններ արդեն ներկայացրել են իրենց տեսակետն ու դեմ արտահայտվել կենդանիների շահագործմանը ՀՀ կրկեսում՝ ներկայացնելով բազմաթիվ գիտական հիմնավորումներ և առաջարկներ:
Այժմ ստեղծված է բացառիկ հնարավորություն ներկայացնելու նաև հանրային արձագանքը այս երևույթի նկատմամբ: Յուրաքանչյուր ձայնը կարևոր է, և սա գուցե այն բացառիկ հնարավորությունն է, որն այսուհետ վերջ կդնի կենդանիների տանջանքներին կրկեսներում և չի խրախուսի առանձնակի դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ: Հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաներն ու վիզուալ հնարքների լայն հնարավորությունները` Հայաստանում կրկեսն առանց կենդանիների չի կորցնի իր հետաքրքրությունը հանդիսատեսի շրջանում, այլ ընդհակառակ՝ կնպաստի ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացմանը բոլոր հարթակներում։
Ավելի քան 100 երկիր արգելել կամ սահմանափակել է կրկեսում կենդանիների շահագործումը, դրանց թվում են՝ Ավստրիան, Խորվաթիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Շոտլանդիան, Հնդկաստանը և հարևան Իրանը: Կոչ ենք անում ՀՀ վարչապետին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ու ՀՀ Ազգային ժողովին՝ արգելել կենդանիների շահագործումը ՀՀ-ում գործող կրկեսներում:
Կենդանիները ծաղրածուներ չե՛ն:
Արգելքի պատճառները բազմաթիվ են.
- Կրկեսը չի իրականացնում վայրի կենդանիների հետ կապված գիտական կամ կրթական որևէ գործառույթ, չունի կենդանու պահպանման առաքելություն, և ուղղորդվում է բացառապես շահույթ ստանալու նկատառումով
- Կենդանիների վարժեցումն իրականացվում է առանձնակի դաժանությամբ, քանի որ ժամկետները սուղ են, իսկ տոմսերը՝ վաճառված
- Կենդանիներին ստիպում են կատարել հնարքներ, որը կենդանին չէր կատարի իր բնական միջավայրում՝ վառվող օղակների միջով թռչելը, մեկ կամ երկու ոտքի վրա կանգնելը, զգեստով պարելը
- Կենդանիներին պահում են փոքր արկղերում ու նեղ վանդակներում, չեն ապահովում կենդանիների պահման նվազագույն անհրաժեշտ պայմանները
- Կրկեսում չեն ապահովվում կենդանու տարիքային առանձնահատկությունները, իսկ բեմադրական տարիքն անցած կենդանիներից անմիջապես ազատվում են
- Կենդանիների շահագործումն զվարճանքի նպատակով անհամատեղելի է էկոկրթության և բնասիրության գաղափարախոսության հետ
- Կենդանիների շահագործումը զվարճանքի նպատակով անհամատեղելի է էկոկրթության և բնասիրության գաղափարախոսության հետ
- Կենդանու հարձակման կամ փախուստի դեպքում ապահովված չէ այցելուների անվտանգությունը
- Վայրի բնության մեջ մարդ-կենդանիներ հարաբերություններում մարդը գերակա դիրք չունի գիշատիչների և մեծ կաթնասունների նկատմամբ: Որպես կանոն հակառակն է
- Կենդանուց մարդուն և հակառակը փոխանցվող հիվանդությունները հնարավոր չէ կանխարգելել»։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/07-11-22/bad84e7ba842c1a8651a51e527e27c34.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-10-22/42b7737ae395b2f30fda70a4912287ba.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)