«Փախուստ դղյակից»․ Գագիկ Ծառուկյանի կենդանիների «արկածները» շարունակվում են (ֆոտո)

Օրերս հերթական ուշագրավ դեպքն է արձանագրվել, հավանաբար, վայրի կենդանու մասնակցությամբ։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Առինջ համայնքում, Ս․ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ «թռչկոտելիս» է եղել բեզոարյան այծի երիտասարդ առանձյակ։ 

Ըստ մեր տեղեկությունների՝ կենդանին փախչել, դուրս է թռչել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքից, ինչից հետո վերջինիս «հետապնդել» են մեքենաներով՝ փորձելով բեզոարյան այծին հետ վերադարձնել տարածք։ Ի վերջո, «հետապնդողներին» հաջողվել է կենդանուն հետ քշել տարածք։ 

Լուսանկարում նշված բեզոարյան այծի առանձնյակն է։ 

Ընդգծենք, որ տեսակն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii); C2a(i): Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում: 

Այնուամենայնիվ, թե ինչպե՞ս է կարմիրգրքյան տեսակի առանձնյակը հայտնվել քաղաքային միջավայրում զբոսնելիս, դժվար է բացատրել, առավել ևս, որ ոլորտում գրեթե բացակայում է պետական վերահսկողությունը։ 

Թե ի՞նչ է տեղի ունեցել ցանկապատից այն կողմ, ողջ է արդյո՞ք կենդանին, խորովածի թե՞ խոշոր կատվազգիների բաժին է դարձել, սիրտը կանգնել է վախի հետևանքով առաջացած սթրեսից, թե՞ այլ որևէ իրավիճակ, պետք է պարզեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության աշխատակիցները։ 

Նշենք նաև, որ Գագիկ Ծառուկյանի կողմից տարիներ առաջ ստեղծված «Բեզուար» հիմնադրամը Վայոց ձորի վարձակալված տարածքում զբաղվում է հենց այս տեսակի՝ բեզոարյան այծերի «պահպանությամբ», որը ժամանակ առ ժամանակ վերափոխվում է որսի։ 

Հիշեցնենք, որ նմանատիպ, սակայն առավել վտանգավոր հետևանքներով միջադեպ է գրանցվել նաև տարեսկզբին։ Նախորդ անգամ պատգամավորի կողմից պահվող գիշատիչներին հաջողվել է դուրս գալ վանդակներից՝ ստանալով ժամանակավոր ազատություն: Բարեբախտաբար միջադեպը «դրական» ավարտ է ունեցել և չեն վնասվել ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները: Օգնության հասած մասնագետներին հաջողվել է կենդանիներին վանդակ վերադարձնել: Միջադեպը հերթական ազդակն է, որ նշված ոլորտում առկա անկառավարելի, անվերահսկելի և ամենաթող իրավիճակը լի է բազմաթիվ վտանգներով: 

Առհասարակ, Գագիկ Ծառուկյանին «պատկանող» կենդանիների թվաքանակի և տեսականու մասին արդեն վաղուց են «լեգենդներ» հյուսվում, ուստի ոլորտի լիազոր մարմնի /Շրջակա միջավայրի նախարարություն/ արդեն նախկին ղեկավար Էրիկ Գրիգորյանից խնդրեցինք տրամադրել տվյալներ պարոն Ծառուկյանի կողմից «խնամվող» կենդանիների մասին: Բնականաբար, Շրջակա միջավայրի նախարարությունը չի տիրապետում նման տեղեկատվության, քանի որ այս տարիների ընթացքում ոչ մի անգամ չի իրականացրել, ինչպես և մոտ ապագայում չի պատրաստվում իրականացնել, ՀՀ օրենքով սահմանած իր պարտականությունները:

Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված գրությամբ ասվում է. «Քաղաքացի Գագիկ Ծառուկյանը գրանցված չէ «Հայաստանի Հանրապետության տարածքում նմուշների տիրապետող, անազատ պայմաններում վայրի կենդանիներ բուծող և արհեստական պայմաններում վայրի բույսեր աճեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառելու» ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում