«Դիլիջան» ազգային պարկի տնօրենին մեղադրանք չի առաջադրվել

«Գետափ» ռեստորանի տարածքում «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի կողմից շան վրա կրակելու և սպանելու գործը նախաքննության փուլում է։ Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ 

«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը հարցաքննվել է, սակայն գործով դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ 

Միևնույն ժամանակ համացանցում ստորագրահավաք է սկսվել Սուրեն Աղաջանյանին պատասխանատվության ենթարկելու և «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնից ազատելու պահանջով /ստորագրահավաքի հղում

Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել էր․ «Հանկարծ մեկի մտքով չանցնի, թե դեկորացիայի համար ենք օրենք ընդունել ու գազանները կարող են այսուհետ ևս կենդանի տանջել ու սպանել»։

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս տեղի ունեցած փոփոխություններից հետո, «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը ենթակա է քրեական պատասխանատվության: ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 258.2 /Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը/ հստակ սահմանում է. «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում