«Շնացած գայլը»՝ Երևանում. ինչպես են մարդու կողմից «այլասերվում» բնության արժեքները (տեսանյութ)
![](https://econews.am/disk/23-11-19/d198245742aa28ba33e216016f4e9855.jpg)
Հայաստանում շարունակվում են արձանագրվել մասնավոր տարածքներում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների դեպքեր, որոնք ոչ միայն չունեն ոչ մի օրինական հիմք և ամբողջովին ապօրինի են, այլև սպառնում են հասարակության անվտանգությանը: Նման դեպքի մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, Երևանի ավանագանու անդամներ՝ Օվսաննա Հովսեփյանը, Սերգեյ Ապրեսյանը և Կարինե Բաղդասարյանն օրերս ահազանգ ստացան: Քաղաքացին հայտնում էր, որ Բարեկամության մետրոյի կայարանի ետնամասում, փոքր վանդակի մեջ գայլ է պահվում:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, ինչպես նաև՝ ահազանգ ստացածավանագանու անդամները միասին այցելեցին նշված տարածք պարզելու համար անհրաժեշտ մանրամասներ:
Բարեկամության մետրոյի կայարանի վարչական շենքի ետնամասում հայտնաբերվեց կենդանին, որն արտաքին զննությամբ գայլ էր, այնուամենայնիվ՝ երկար ժամանակ չէր հայտնաբերվում կենդանու «խնամակալը/սեփականատերը»: Կենդանին վզկապով էր, մարդամոտ, դրսևորում էր ընտելացված շան վարք, սակայն վանդակը, որտեղ պահվում էր ակնհայտ փոքր էր, չէր համապատասխանում ՀՀ կառավարության N 725-Ն /որի իրավաչափ լինելը վիճելի է/ որոշմամբ սահմանված նորմերին: Գայլը դրսևորում էր անհանգիստ վարք, արդեն իսկ վնասել էր վանդակի փայտե հատակը, իսկ երկու ոտքերի վրա կանգնելու դեպքում, կենդանու գլուխը դիպչում էր վանդակի առաստաղին: Փաստացի, պահպանված չէին կենդանու բարեկեցության համար անհրաժեշտ անգամ նվազագույն պայմանները:
Տարածքում գործունեություն ծավալող մարդկանցից տեղեկացանք, որ նշված վանդակն ու կենդանուն այստեղ ընդամենը մի քանի օր է, ինչ տեսնում են: Պարզվեց, ավելի վաղ կենդանին պահվել է հարևանությամբ գտնվող ավելի վատ պայմաններ ունեցող և նվազ տեսանելի տարածքում, որն ավիրված էր, պատը փորված. ակնհայտ է, որ կենդանին փորել է պատը՝ այնտեղից դուրս գալու նպատակով, ինչից հետո հավանաբար տեղափոխվել է նոր վանդակ:
Քանի որ ստեղծված իրավիճակն առաջին հերթին հանդիսանում է հասարակական կարգի խախտում և առաջացնում է հանրային անվտանգության ապահովման խնդիր, ինչպես նաև կենդանին պահվում է ապօրինի կերպով և ոչ բարեկեցիկ պայմաններում, ներկաները դիմեցին իրավապահ մարմիններին՝ ահազանգելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և ՀՀ ոստիկանություն:
Որոշ ժամանակ անց հայտնվեց կենդանու «խնամակալ» Արթուր Ավետիսյանը, որն ըստ սեփական խոսքերի՝ տեղի սրճարանի տնօրենն է և առևտրային համալիրի անվտանգության պետը: Վերջինս պնդում էր, որ կենդանին իր «շունն» է և տարածքում պահվում է իր կողմից:
Ներկաները ժամեր շարունակ կենդանու «խնամակալին» փորձում էին համոզել, որ իր «շունն» իրականում գայլ է: Արթուր Ավետիսյանը մեզ հետ զրույցում մի քանի անգամ տվեց հակասական տեղեկատվություն. մեկ կենդանուն գտել էր Իջևանից, մեկ՝ նվեր ստացել, մեկ կենդանին շուն էր, մեկ՝ շան և գայլի խառնուրդ և այլն:
Խնդրին լուծում տրվեց ահազանգով ժամանած ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ոստիկանների միջամտությամբ: Վերջիններիս միջամտությամբ տարածք հրավիրվեցին երկու մասնագետներ՝ Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանը և «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ գլխավոր կենդանաբույժ Միհրան Լազյանը: Մասնագետներն արտաքին զննությամ՝ հաշվի առնելով կենդանու անատոմիական առանձնահատկությունները, միանշանակ պնդեցին, որ վանդակում գայլ է:
Ընդգծենք, որ նշված ժամանակահատվածում բազմաթիվ անգամներ ահազանգել ենք ԲԸՏՄ թեժ գիծ, ինչպես նաև զրուցել ենք ԲԸՏՄ Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանի հետ, սակայն տարածք չի մոտեցել ոչ մի տեսուչ: Ավելին՝ մեզ հետ զրույցում ԲԸՏՄ աշխատակիցները հավաստիացնում էին, որ հայտնաբերված կենդանին հովվաշուն է: Փաստացի, առանց անգամ տարածք այցելելու ԲԸՏՄ տեսուչներն իրենց պարտականությունները համարել են կատարված և հավանաբար վստահել են գայլի «խնամակալի» անկեղծ պնդումներին և երդումներին:
Ուշագրավ է, որ գայլի «խնամակալ» Արթուր Ավետիսյանը չէր տիրապետում թե ընտանի, թե անազատ պայմաններում վայրի կենդանի պահելու համար նախատեսված ոչ մի օրինական փաստաթղթի: Սակայն, եթե պետական իրավասու մարմինը, այս դեպքում՝ ԲԸՏՄ հարկ չի համարել կատարելու օրենքով սահմանված իր պարտականությունները՝ գալ ահազանգի հետքերով և ստուգել անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ապա քաղաքացու վարքն ինքնին հասկանալի է դառնում:
Նշենք, որ ըստ տեղի բնակիչների վկայությունների և գայլի «խնամակալ» Արթուր Ավետիսյանի խոսքերի՝ գայլը մշտապես չի գտնվում վանդակում, այլ դուրս է գալիս, զբոսնում է, շփվում այլ կենդանիների և մարդկանց հետ: Հերթական անգամ արձանագրենք, որ պատշաճ օրենսդրական կարգավորումների և վերահսկողության գրեթե բացակայության հետևանքով ստեղծվել է վտանգավոր իրավիճակ առաջին հերթին տարածքում բնակվող և աշխատող մարդկանց համար, քանի որ շնացած գայլը դեռ շուն չէ, այլ վտանգավոր գիշատիչ կենդանի է, որի ազատ տեղաշարժը դրա համար չնախատեսված վայրում կարող է ճակատագրական լինել որևէ մարդու կամ հենց կենդանու համար:
Թեպետ գայլի «խնամակալ» Արթուր Ավետիսյանն այդպես էլ չհամոզվեց այդ պարզ իրողության մեջ, այնուամենայնիվ Արաբկիրի բաժնի ոստիկանների ճշգրիտ գործողությունների արդյունքում կենդանին տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կստանա հետագա մասնագիտական խնամք:
Ընդգծենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում առկա հոդվածներից մի քանիսն անգամ լիովին բավարար են ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների խնդիրը լուծելու համար: Այն, որ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում Կառավարության կամքի և բավարար միջոցների բացակայության հետևանք է: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտորեն անտեսվում են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի դրույթները, իսկ ՀՀ ոստիկանության աշխատակիցները հաճախ չեն տիրապետում մասնագիտական տեղեկատվության և իրավական նորմերին:
Նախ, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ը սահմանում է. «Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման»:
Այսինքն, անհրաժեշտ է լիազորված մարմնի /Շրջակա միջավայրի նախարարություն/ թույլտվություն: Ավելի վաղ ՇՄՆ-ը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է՝ «Նախարարությունն անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու դիմումներ չի ստացել»: Ելնելով վերոգրյալից փաստենք՝ ՀՀ բոլոր մասնավոր տարածքներում վայրի կենդանիներն անազատ պայմաններում ապօրինաբար են պահվում:
Այնուհետև «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու կարգը.
1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Փախուստը բացառելու և մշտական վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալված օղակավորվում են»։
Նշված պարագայում խախտված են կենդանու կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառված չէ պահելու վայրից կենդանիների փախուստը:
Հոդված 27․2-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը.
1. Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»։
Նշված դեպքում բնակելի հանրային տարածքում գայլ պահելու նպատակը չի կարող համապատասխանել օրենքով սահմանված նպատակներից և ոչ մեկին։
Ուստի, առկա են բոլոր օրինական հիմքերը նման իրավիճակներին մեկնդմիշտ լուծում տալու համար, սակայն ԲԸՏՄ տեսուչներն անգամ չեն եկել ահազանգի հետքերով պարզելու համար կենդանին գայլ է, հովվաշուն թե՞ փիղ:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, ինչպես նաև կենդանիների պաշտպանության ոլորտում մեզ գաղափակից կազմակերպություններն ու անհատները մշտապես դեմ են արտահայտվել մասնավոր տարածքներում վայրի կենդանիների պահմանը մի շարք պատճառներով:
Նշված դեպքում, կենդանին գրեթե ամբողջությամբ կորցրել է իր առաջնային բնազդները և վերածվել է «շնացված գայլի»: Մարդու կողմից, որպես բանական և գիտակից էակի, նման քայլի իրականացումը ոչ այլ ինչ է, քան՝ այլասերում... ինչ-ինչ հանգամանքներից ելնելով այլասերվում են բնության արժեքները, կենդանին դուրս է մղվում իր բնական միջավայրից և դառնում մարդու ձեռքում խաղալիք՝ անհայտ ճակատագրով և ապագայով, միայն նրա համար, որ մարդը կարողանա պարծենալ վայրի կենդանուն սանձելու մոլուցքով:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/07-11-22/bad84e7ba842c1a8651a51e527e27c34.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-10-22/42b7737ae395b2f30fda70a4912287ba.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)