«Որսորդ» որսագողը. ոստիկանությունը փաստեր է անտեսում
![](https://econews.am/disk/29-07-19/c7a6ed7fce909fa735f01f8fe362d0a2.jpg)
«Հուլիսի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ստացվել են Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի 45-ամյա մի բնակչի կողմից ապօրինի որս կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը: Համացանցում հրապարակված հոդվածի համաձայն՝ ուսումնասիրվել են վանաձորցու սոցիալական էջի բաց տվյալները, որոնց արդյունքում արձանագրվել են ապօրինի որսի մասին վկայող տվյալներ:
Վանաձորցին Գուգարքի բաժնում բացատրություն է տվել, որ 2014 թվականի ամռանը, Նոյեմբերյան քաղաքի հարակից անտառում հանդիպել է անծանոթ երկու որսորդի, որոնց մոտ առկա սպանված այծյամի հետ ինքը և որդին լուսանկարվել են: Անծանոթ որսորդները նրան հայտնել են, որ այծյամին սպանել են իրենք՝ նույն անտառում:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 25-ին 45-ամյա վանաձորցին արդեն բացատրություն է տվել, որ 2015 թ. ամռանը Նոյեմբերյանի վարչական տարածքում գտնվող «Ձիարածի ուրթ» կոչվող հանդամասում իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանով այծյամին սպանել է ինքը, որից հետո լուսանկարվել է»,- հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը՝ անդրադառնալով EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հրապարակմանը:
Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է Գևորգ Ավետյան և Արամ Ջուլհակյան անունով քաղաքացիների կողմից կատարված որսագողության դեպքերի մասին:
Թեպետ, ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է միայն սպանված այծյամի մասին, մեր կողմից հրապարակված լուսանկարները վկայում են ապօրինի որսի մի քանի դեպքերի մասին, մասնավորապես ապանվել է նաև լուսան (Lynx), գորշուկ (Meles meles), նապաստակ և այլն: Եվս մեկ անգամ ընդգծենք, որ վերոնշյալ կենդանիների որսը ևս թույլատրված չէ, ուստի ևս հանդիսանում է ապօրինի որսի մասին վկայող ապացույց: Հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը քայլեր ձեռնարկել նաև նշված կենդանատեսակների որսի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ուշագրավ է նաև, որ ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ ապօրինի որսը կատարվել է օրինական ողորկափող որսորդական հրացանով, ինչը նշանակում է, որ նշված անձը հանդիսանում է որսորդական միության անդամ:
Որսի ոլորտում ստեղծված իրավիճակին անդրադարձել ենք բազմիցս։ Ըստ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից կատարված ուսումնասիրության՝ ՀՀ որսի ոլորտի նկատմամբ ևս բացակայում է պատշաճ մակարդակի վերահսկողություն, իսկ որսորդական միասնական վկայական ստանալու կարգի ոչ լիարժեքության, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով սահմանվող որսորդական մինիմում հանձնելու պրակտիկայի ի սպառ բացակայության, մի շարք այլ ընթացակարգային խնդիրների հետևանքով ոլորտում ստեղծվել է քաոսային իրավիճակ, ինչի պատասխանատուն առաջին հերթին պետական լիազոր մարմինն է, որը գրեթե 10 տարի շարունակ պատշաճ կերպով չի իրականացրել իր լիազորություններն ու պարտականությունները։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/07-11-22/bad84e7ba842c1a8651a51e527e27c34.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-10-22/42b7737ae395b2f30fda70a4912287ba.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)