Ո՞րն է «կատաղած շունը»

«Հուլիսի 1-ին, ժամը 19:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի վերջնամասում՝ անասնագոմի տարածքում, կատաղած շունը արձակվել է կապից և կծել տիրոջը, վերջինս ստացել է անհրաժեշտ բուժօգնություն. շանը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բռնել են շանը և կապել»,- այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքէջը։

Ընդգծենք, որ պետական կառույցի և պաշտոնական լրահոս տարածող աղբյուրի կողմից «կատաղած շուն» բառակապակցության կիրառումն անընդունելի է, քանի որ առաջին հերթին այդպիսի հասկացություն գոյություն չունի։ 

Կատաղությունը սուր ընթացող վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է նյարդային համակարգի ծանր ախտահարումով և ջղաձգությամբ, լուծանքով, ինչպես նաև կլման և շնչառական մկանների կծկանքով: Հարուցիչը ՌՆԹ պարունակող փամփուշտանման վիրուս է, որը կուտակվում է հիվանդ կենդանիների ուղեղում թքագեղձերում, արցունքագեղձերում և ենթաստամոքսային գեղձում: Կենդանու մոտ կատաղություն հիվանդության հարուցիչի առկայության կասկածի դեպքում անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք սահմանվում են «Կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման և գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ, ««Բնակչության շրջանում կատաղության հիվանդության կանխարգելում» ՍԿ 3.1.1-0-26-12 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը հաստատելու մասին» հրամանով: 

Սակայն, կենդանին երբեմն ինչ-ինչ պատճառներով կարող է դրսևորել ագրեսիվ վարք, ինչը հավանաբար այս դեպքում անվանվել է «կատաղած շուն» բառակապակցությամբ։ 

Ուստի, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հերթական անգամ կոչ է անում ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներին պաշտոնական տեղեկատվություն հրապարակելուց առաջ ցուցաբերել որոշակի մասնագիտական հմտություններ, որոնք թույլ չեն տա նմանօրինակ թերացումների ի հայտ գալուն։ Հորդորում ենք լինել առավել ուշադիր նման տեղեկատվություն հրապարակելուց առաջ, քանի որ այսօր պաշտոնական տեղեկատվության հրապարակումը մեծապես ազդեցություն է ունենում հանրության գիտակցության վրա, բացի այդ՝ հաղորդագրությունը լայնորեն տարածվում է մի շարք ԶԼՄ-ների կողմից, ինչը կարող է բացասական ազդեցություն գործել քաղաքացիների դիրքորոշման վրա և դրդել կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի կիրառման, այն պարագայում, երբ պաշտոնական աղբյուրը պետք է նպաստի հասարակության շրջանում էկո-կրթության մակարդակի բարձրացմանը, գիտելիքի տրամադրմանը և կենդանասիրական մոտեցումների ձևավորմանը։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում