Տանջանք՝ ծնված պահից մինչև մահ. պայքար «առյուծների ֆերմաների» դեմ (ֆոտո)

Վայրի բնության գծով փորձագետ Ռիչարդ Փիրսը «Daily Star Online»-ի հետ զրույցում պատմել է առյուծների ֆերմաների և դրանց ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Վերջինս ասել է՝ առյուծների շահագործումը սկսվում է կենդանիների ծնվելու պահից և ավարտվում փամփուշտով կամ ավելի վատ: 

Փիրսն այժմ աշխատում է իր նոր «Առյուծները, ոսկորներն ու փամփուշտները» ("Lions, Bones, and Bullets") ֆիլմի վրա: Խոսելով առյուծների բուծման և ֆերմաների մասին՝ վերջինս ասել է. «Այս ամենը սկսվել է վաղ 1990-ականներից. այդ պահից կենդանիների արքան սկսեց բուծվել»: 

Չնայած առկա շոկային մանրամասներին, առյուծների բուծման բիզնեսը շարունակում է մեծանալ և զարգանալ: Փիրսն ասել է, որ այսօր տանը նստած համակարգչի օգնությամբ կարելի է հեշտությամբ պատվիրել հաղթանշային որսի համար նախատեսված առյուծի, ինչպես «ձուկ և կարտոֆիլ»: «Դուք կարող եք ընտրել գեղեցիկ բաշով առյուծի, թռչել Հարավային Աֆրիկա և կրակել նրան»,- ասել է նա: 

Ալֆա որձի դեպքում «հաճույքը» կարող է արժենալ մոտ £30 000, իսկ էգի՝ £12,000: Ցավոք, շահագործումն այսքանով չի ավարտվում: Շահագործողները հայտնաբերել են եկամուտ ստանալու այլ եղանակ ևս. նրանք առյուծի ձագերին խլում են իրենց մայրերից՝ շշով կերակրելու համար: Կամավորները մեծ գումարներ են պատրաստ ծախսել մոր խնամքից զրկված այս «որբերին» կերակրելու համար, որոնք հավանաբար ընդամենը ժամեր առաջ են լույս աշխարհ եկել: Այս կենդանիների խնամքի համար գումար փոխանցողները հիմնականում Հյուսիսային Եվրոպայի 18-30 տարեկան կին բնակիչներն են: Ընդ որում, Փիրսը համոզված է, որ եթե այս կանայք իմանան ճշմարտությունը, թե ինչի համար են վճարում, նրանք կհրաժարվեն դա անելուց: 

Վիճակագրության համաձայն այս ձագերի ընդամենը 25 տոկոսն է ողջ մնում: Փոքրիկ ձագերը՝ բացելով իրենց աչքերը, դառնում են «բարեսիրտ» և միգուցե «միամիտ» զբոսաշրջիկների քնքշանքի օբյեկտ. զբոսաշրջիկները կերակրում և շոյում են առանց մայր մնացած ձագերին՝ վճարելով դրա համար, իսկ կազմակերպիչները գումարներ են աշխատում անգամ այդ ձագերի վերջին ժամերի վրա: 

«Սա կարող է ձգվել 4-5 ամիս, իսկ հաջորդ քայլը, որին նրանք վարժեցվում են՝ զբոսանքն է առյուծի հետ»,- ասում է Փիրսը: 

Հավանաբար արդեն 2 տարեկան հասակում, երբ կենդանիներն արդեն մեծ են զբոսանքի համար, նրանց վերադարձնում են որսի ֆերմաներ, որտեղ առյուծները սպասում են մինչև ինչ-որ մեկը կգնի նրանց որսի համար: Անազատության մեջ ծնված և պահվող կենդանիների վրա կատարվող որսի այս տեսակի (canned hunting) սիրահարների 70-80 տոկոսը ժամանում են ԱՄՆ-ից: 

Ցավալիորեն որսի այս տեսակի համար նախատեսված առյուծներն «ամենաերջանիկներն» են. «որսորդները» ցանկանում են, որպեսզի հաղթանշային որսի առարկան լինի առողջ և գեղեցիկ: Ավելի սարսափելի է իրավիճակն այն կենդանիների դեպքում, որոնք պահվում են հատուկ «ասիական բժշկության» մեջ օգտագործվելու նպատակով: Ոսկորների համար վաճառված առյուծների վիճակն այնքան էլ հետաքրքիր չէ գնորդին, քանի որ վերջինիս անհրաժեշտ է ընդամենը նրա ոսկորները, որոնք վաճառվում են իբրև վագրի և ֆիզիկապես չեն տարբերվում միմյանցից: 

Ռիչարդ Փիրսը կարծում է, որ այս հարցի հանրայնացման և հասարակական ճնշման ազդեցությամբ կարելի է ստիպել Հարավային Աֆրիային հրաժարվել նման ֆերմաների գոյությունից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում