Որսորդները պատասխանել են ԱԱԾ տնօրենի առաջարկությանը

Մի շարք որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մտահոգություն հայտնելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության առնչությամբ:

Նամակի մեջ մասնավորապես ասվում է. «Տարօրինակ է, որ պարոն Վանեցյանն իր առաջարկությունը հիմնավորում է բացառապես ոլորտի նկատմամբ վերահսկողության դժվարությամբ:

ՀՀ որսորդական կազմակերպություններն ու հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ դիմում են ՀՀ կառավարության պատկան մարմիններին՝ զբաղվել տեսչական պատշաճ գործողություններով, խստացնել որսագողության դեմ պայքարը» (Նամակն ամբողջությամբ կցվում է): 

Հիշեցնենք, որ օրերս կառավարության նիստի ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկեց, որոշ ժամանակահատվածով ՀՀ-ում դադարեցնել որսը: Վերջինս ասաց. «Եկեք առհասարակ որսը 3-5 տարով արգելենք ՀՀ-ում, որպեսզի պոպուլյացիան վերականգնվի: Ես նախկինում լինելով շատ ակտիվ որսորդ արդեն մոտ 7 տարի է չեմ գնացել որսի ու միշտ դրա մասին խոսում եմ: Եկեք այդ նախաձեռնությամբ հանդես գանք՝ արգելենք առհասարակ որսը ոչ միայն այս օրենքներով, այլ, օրինակ՝ որսորդական փամփուշտների ներմուծման ժամանակավոր արգելքով, որովհետև գնում են և անկանոն որս են անում, հատկապես՝ գյուղական վայրերում, անտառների կողքին բնակվող մարդիկ, ցանկացած սեզոնի, ցանկացած ժամանակ ու դա վերահսկելը շատ դժվար է»:

ՀՀ-ում որսի ոլորտում առկա իրավիճակի, որսորդական կազմակերպություններում և միություններում ներգրավված անձանց, որսորդական հրազենի թույլտվության տրամադրման և որսագողության բազմաթիվ դեպքերի մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն անդրադառնում է մշտապես՝ վեր հանելով առկա խնդիրները: 

Նշենք նաև, որ դեռ 2018թ.-ի օգոստոս ամսին ԲԸՏՄ նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը գրությամբ դիմել էր Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին՝ առաջարկելով ժամանակավորապես բացառել որսի թույլտվության տրամադրումը։ Մեզ հետ զրույցում Էրիկ Գրիգորյանն ասաց. «Որսի հրամանն արդեն ստորագրված է և վաղվանից կմտնի ուժի մեջ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում