Պարսկական (կովկասյան) հովազը՝ մարդկային աչքերով. «Արփա» պահպանվող լանդշաֆտ (տեսանյութ)

«Բնության անսպառ հրաշքները չեն դադարում զարմացնել և հիացնել մարդկանց: Արփա պահպանվող լանդշաֆտի հզոր ռենջերների խմբի գիշերային շրջայցը կրկին հիացնում է մեր աչքերը՝ պարգևելով այսպիսի տեսանյութ»,- գրում է Վայոց ձորում գտնվող «Արփա» պահպանվող լանդշաֆտի ֆեյսբուքյան էջը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է նաև. «Կովկասյան ընձառյուծը (պարսկական հովազ, խմբ.)՝ մարդկային աչքերով: Տեսանյութը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ բնական ձայնային էֆեկտներով: Շնորհակալություն մեր ռենջերներին՝ Սամվել Կարապետյանին, Վարդգես Ղարախանյանին և Արթուր Համբարձումյանին: Մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում մեր գործընկերներին՝ CNF - Caucasus Nature Fund և WWF Armenia-ին մեզ վստահելու և մեր ուժերին հավատալու համար»:

Առաջավորասիական/կովկասյան/պարսկական հովազը (Panthera pardus ciscaucasica կամ Panthera pardus saxicolor կամ Panthera pardus transcaucasica) գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a (i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Արեալը ներառում է Հյուսիսային Կովկասը, Անդրկովկասը, Արևելյան Թուրքիան, Հարավային Թուրքմենստանը, Իրանը, Աֆղանստանը: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10-15 առանձնյակ է: Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 կմ2: Բնակեցման տարածքը կազմում է 2856,8 կմ2: Այն ներառում է մշտական և ժամանակավոր բնակեցման տարածքները և միջանցքներ: Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում (207.9 կմ2) և գ. Նռնաձորից դեպի հյուսիս (296.9 կմ2) գտնվող տեղամասում գիշատիչը բնակվում է մշտապես: Պոպուլյացիայի նման կառուցվածքի պատճառով այն լիովին կախված է միջանցքների գործառնությունից:

Հիշեցնենք նաև, որ վերջերս «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում ևս նկարահանվել է պարսկական (կովկասյան) հովազի այլ առանձնյակ: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում