Այսօր թափառող կենդանիների համաշխարհային օրն է

Ապրիլի 4-ը թափառող կենդանիների համաշխարհային օրն է (World Stray Animals Day): Այսօր հիանալի առիթ է աշխարհում գոյություն ունեցող ավելի քան 600 մլն թափառող կենդանիներին ավելի լավ վերաբերմունք ցուցաբերելու համար: Կենդանիները հենց այնպես չեն դառնում կամ ծնվում թափառող: Շատ հաճախ թափառող կենդանիները մարդկային անպատասխանատվության զոհերն են. թափառող կենդանիները հիմնականում ինչ-ինչ պատճառներով տանից «վռդված» և լքված կենդանիներն ու դրանց ժառանգներն են: 

Այսօր՝ թափառող կենդանիների համաշխարհային օրը, մարդիկ առավել գիտակից և պատասխանատու վերաբերմունք պետք է սկսեն ցուցաբերել իրենց խնամքի տակ գտնվող կենդանի էակների նկատմամբ: Հաճախ թափառող կենդանիներն ապրում են դժվար կյանքով, տանջվում են շոգից, սրտից, սովից, իսկ առավել հաճախ նրանք ուղղակի մահանում են: Գոնե այսօր յուրաքանչյուր մարդ կարող է հոգատար վերաբերմունք ցուցաբերել նման իրավիճակում հայտնված կենդանու նկատմամբ: Թափառող կենդանիների համաշխարհային օրը սահմանվել է, որպեսզի կենդանիների նկատմամաբ ցուցաբերվի հոգատարություն և իրականացվեն քայլեր իրավիճակը շտկելու ուղղությամբ: 

Այսօր Հայաստանում թափառող կենդանիների խնդիրը ևս օրհասական է: Մարդիկ դեռ շարունակում են դաժան վերաբերմունք ցուցաբերել կենդանիների նկատմամբ, կրակել և վնաս պատճառել, իսկ պատասխանատու պետական մարմինները դեռևս չեն հասել խնդրի վերջնական կարգավորմանը: Նշենք, որ խնդիրն առավել ցավալի է մայրաքաղաք Երևանից դուրս, որտեղ համայնքային կառավարման մակարդակով գործում է կենդանիներին ոչնչացնելու սկզբունքը: 

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Երևան քաղաքում քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ մեկնարկեց թափառող կենդանիների զանգվածային ստերջացման ծրագիրը: Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանի և «Փրո Փոուզ» (ProPaws) բրիտանական բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության միջև ստորագրվեց համաձայնության հուշագիր: Միջոցառման ընթացքում քաղաքապետը հայտարարեց. «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մենք այսուհետև չենք պայքարելու կենդանիների դեմ, մենք պայքարելու ենք հանուն մարդկանց ու կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ ու անվտանգ զգան և՛ մարդիկ, և՛ կենդանիները»

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում