Քողարկված որս Երևանում. թռչունների անկման պատճառը բացահայտվա՞ծ է (ֆոտո)

Երևանում հայտնաբերված անկած վայրի թռչունների դեպքերն անհանգստություն են առաջացրել ինչպես քաղաքացիների, այնպես էլ մասնագիտական շրջանակներում, որտեղ քննարկվում է թռչունների անկման պատճառների մի քանի վարկածներ: Սակայն EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի աղբյուրները հայտնում են՝ թռչունները պարզապես «որսի» օբյեկտ են դառնում:

Մեր զրուցակիցը որսորդների գործողությունների անհրաժեշտության մասին ճշգրտող հարցին պատասխանեց. «Լավ են անում. քաղաքում բացի ագռավից ուրիշ թռչուն չի մնացել: Ագռավներն ավիրում են մնացած թռչունների բները: Քաղաքապետարանը չի անում, մերոնք են անում: Նախորդ տարիներին էլ է եղել, բայց ոչ այս ծավալով: Այս տարի ծրագրված է, պրոֆեսիոնալ մարդ է անում պնևմատիկ զենքով, այդ տեսակների որսն էլ, որպես «վնասատուների» թույլատրված է»:

Նշենք, որ որսի համար նախատեսվող 2018-2019 թթ. օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով թույլատրվում է լոր, աղավնի, կտցար, արտույտ, սարյակ, կեռնեխ, ջրլող թռչուններ (որոշ տեսակներ), կաքավ տեսակի թռչունների որսը՝ սահմանված չափաքանակով և ժամկետներում, իսկ հրամանի 2-րդ կետը սահմանում է՝ 2018-2019 թթ. որսաշրջանի ընթացքում սույն հրամանի 1-ին կետով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս: «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի հոդված 21.1-ը (Որսի արգելված ձևերը, միջոցները, գործիքները և սահմանափակումները) սահմանում է ՀՀ տարածքում արգելվում է որս իրականացնել` 5) բնակավայրերին, հանգստի գոտիներին և ավտոմայրուղիներին մոտ տարածքներում` որսորդական ակոսավոր հրազենով, ոչ պակաս, քան 5000 մետր, իսկ ողորկափող հրազենով` 500 մետր հեռավորությունից, ինչպես նաև՝ 13) մարտական զենքի և մարտական փամփուշտների, ինքնանետերի, ինքնաձիգ հրացանների, օդամղիչ զենքի, ռազմական ակոսավոր զենքի և ազդանշանային հրթիռների գործադրմամբ:

Այսպիսով, մեր աղբյուրը պնդում է, որ գրանցված դեպքերը որսի հետևանք են, որն իրականացվում է քաղաքում թռչունների թվաքանակի վերահսկման նպատակով: Տեղեկատվության ճիշտ լինելու պարագայում, կասկածելի է նաև որսի համապատասխանությունն օրենքի պահանջներին, քանի որ պահպանված չեն օրենքով և որսի թույլատրման հրամանով սահմանված մի շարք կետեր: Բացի այդ, կենդանիների թվաքանակի կարգավորումը չի իրականացվում նշված եղանակով, սակայն հանրային հրապարակումներում և հեռուստահաղորդումներում տարբեր որսորդների կողմից հնչել են հայտարարություններ որսորդների ունեցած կարգավորիչ դերի մասին:

Թռչունների անկման նոր դեպքերի գրանցման մասին տեղեկություն ստանալու նպատակով զրուցեցինք նաև ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ, ով նշեց, որ օրերս փորձաքննության է ենթարկվել ևս մոտ 10 թռչուն: «Առաջինից հետո ևս 7 հատ թռչուն ենք տարել փորձաքննության, այսօր էլ՝ 2 հատ: Մենք չունենք գոնե մեկ հատ թռչուն, որը անկած լինի ոչ մեխանիկական խնդիրների պատճառով: Վերլուծելով մենք եկանք այն եզրակացության, որ առաջին հերթին դեպքերը երեկոյան են գրանցվում ու ամեն դեպքում մարդիկ են խփում: Բացի այդ, դա այդպիսի պարբերական բնույթ չի կրում, որ անհանգստություն առաջացնի և հետո, եթե ենթադրենք հիվանդություն է, ապա ինչո՞ւ են անկում միայն այն թռչունները, որոնց կարելի է կրակել: Մեկ թռչուն գոնե չենք հանդիպել այլ խնդրով: Դիահերձումն արվում է և ակնհայտ է դառնում պատճառը, բայց նաև արվում է փորձաքննություն նույն թռչնի գրիպի հետ կապված, որն էլ բացառվել է: Այլ հիվանդությունների հետ կապված նույնպես խնդիր չկա, իսկ թունավորման դեպքում արդեն փորձաքննություն չի արվում, որովհետև վարկածը չի հաստատվում, բացի այդ՝ դա շատ թանկ է և մեր փորձաքննությունները դրա հնարավորությունը չեն էլ տալիս»,- ասաց նա:

Երևան, Բաղրամյան փողոց

Թռչունների որսի հետևանքով անկման վարկածի հավանականության մասին զրուցեցինք «Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանի հետ, ով քիչ հավանական համարեց այս տարբերակը:

«Այն անառողջ ագռավը, որին ես տեսա տեսանյութերից մեկում, տպավորություն էր թողնում կենդանու, որի նյարդային համակարգի վրա է ազդեցություն թողած, ոչ թե վիրավոր է: Ոչ մի թռչունի վրա ես արյան հետք չեմ տեսել այս լուսանկրներում, իսկ դա պետք է ակնհայտ լինի, հատկապես, եթե պնևմատիկ զենքով են կրակում, բավական հետքեր է թողնում թռչնի վրա. պետք է արյուն հոսի ու փետուրները պետք է լավ թրջվեն այդ արյունով, իսկ լուսանկարներում ոչ մի նշույլ չկա: Որսորդները, իհարկե խփում են ագռավներին՝ օգտվելով այն փաստից, որ որսը կլոր տարի թույլատրված է, բայց որ քաղաքի կենտրոնում այդպիսի բան անեն ու ոչ ոք չտեսնի... մարդը հրացանով դուրս է գալիս թռչուն խփելու, ու իրեն ոչ ոք չի տեսնո՞ւմ»,- ասաց նա:

Կարեն Աղաբաբյանը պարզաբանեց, որ սատկած թռչունները հիմնականում սերմնաքաղերն ու ճայերն են, որոնք առավոտյան գնում են դաշտերում սնվելու, իսկ այս սեզոնին՝ աղբավայրերում, վերադառնում են երեկոյան՝ գիշերելու: Քաղաքում մնում են մոխրագույն ագռավները, որոնց թիվն այնքան էլ մեծ չէ գրանցված դեպքերի մեջ: Նա նշեց. «Իմ տեսածների մեջ զգալի թիվը կազմում են սերմնաքաղերը, ճայերը, ամենաքիչ մասը՝ մոխրագույն ագռավները: Այն, որ որսորդներն ագռավներին կրակում են, այդ փաստը կա, բայց որ քաղաքի կենտրոնում կխփեն, քիչ հավանական է»:

Մեր հարցադրմանը, թե կա արդյո՞ք այս տեսակի թվաքանակի հետ կապված խնդիր, որը փորձում են «կարգավորել» որսորդները, Կարեն Աղաբաբյանը մանրամասնեց. «Իրականում, այո՛, մոխրագույն ագռավների թվաքանակի հետ խնդիր կա, կաչաղակների՝ այդքան չէ, բայց այդ խնդիրը գալիս է աղբի սխալ կառավարումից: Երբ աղբը բակերից ժամանակին չեն տանում, դա իրենց համար կերային բազա է ստեղծում, դրա համար մենք 2005-2006թ.-ից Երևանում մոխրագույն ագռավի թվաքանակի հաշվառում ենք անում, և նրանց թվաքանակը գնալով աճում է հենց այդ պատճառով: Դրա համար, ոչ թե իրենց խփել է պետք, այլ աղբը ճիշտ կառավարել: Իրենք կարող են վնասել այլ թռչունների բներին, բայց 2 տարի առաջ կատարած մեր հետազոտությունները ցույց չտվեցին, որ զգալի վնասներ կան, սակայն ամեն դեպքում իրենք հայտնի են որպես ճնճղուկանման թռչուններին վնաս տվողներ: Խնդիրը կա, բայց այն այդպես չի լուծվում: Եթե աղբահանությունը քաղաքից ժամանակին տեղի ունենա ու կառավարումը ճիշտ լինի, հատկապես՝ աշնան ու ձմռան ժամանակահատվածում, երբ եկող թռչունները չեն մնալու, միանգամից խնդիրը կլուծվի, թվաքանակը կգա կհասնի այն բալանսին, որն իրենք կարող են պահպանել»:

Վերջինս, սակայն, թռչունների անկման երեք առավել հնարավոր վարկած առանձնացրեց: Առաջինը, որ թռչուններն իրենց սնվելու վայրերում թունավորվում են ծանր մետաղներով կամ ուրիշ ուժեղ աղտոտիչներով: «Մենք մեր ամբողջ էլետրական և այլ վտանգավոր աղբը գցում ենք սննդի մնացորդների հետ, դա գնում է մեծ աղբավայրեր ու անձրևի, արևի ազդեցության տակ սկսում է օքսիդանալ, ու այդ ծանր մետաղները կարողանում են աղերի տեսքով դուրս գալ ու մտնել, ենթադրենք սննդամթերքի մնացորդների մեջ: Քաղաքից դուրս՝ մեծ աղբավայրերի վրա, ինձ թվում է հենց սերմնաքաղեր ու ճայեր են, որոնք գնում են սնվելու ու երեկոյան հետ են գալիս քաղաք, որովհետև իրենք քաղաքում մեծ շենքերի տանիքներին են գիշերում, որտեղ տաք է գիշերը, իսկ մոխրագույն ագռավները շատ քիչ են գնում քաղաքից դուրս սնվելու և այսօր մենք տեսնում ենք, որ անհամեմատ ավելի շատ սերմնաքաղեր ու ճայեր են սատկել, քան թե մոխրագույն ագռավներ, ապա այս վարկածին համապատասխանում է»:

Մասնագետը որպես երկրորդ վարկած նշում է թռչունների մոտ հիվանդությունների հնարավոր տարածումը: «Հենց նույն թռչնի գրիպը և այլ բազմաթիվ վիրուսներ կարող են լինել, բայց ագռավազգիները մասնագիտացված լեշակեր ու աղբակեր թռչուններ են, իրենց իմունիտետն անհամեմատ ավելի բարձր է, քան հենց նույն աղավնիներինը, իսկ մենք այսօր փողոցներում սատկած աղավնի չենք տեսնում, այլ տեսնում ենք ագռավազգիներ: Դրա համար նախնական այս վարկածն ավելի թույլ է, քան առաջինը»:

Եվ երրորդ տարբերակը, որը նշում է մասնագետը, վերջերս Եվրոպայում գրանցված դեպքի վրա է հիմնված: «Եվրոպայում հետազոտություններն արդեն ցույց տվել են, որ 5G կապը թռչունների մոտ, որոնց մարմնի ջերմաստիճանն արդեն իսկ բարձր է, լրացուցիչ տաքացում է ստեղծում, որից էլ խնդիրներ են առաջանում: Մենք 5G կապ չունենք, բայց քանի որ մեր մոտ արբանյակները շատ են, տարբեր օպերատորների կողմից ցանցը շատ է, ինչ-որ էլեկտրամագնիսային ալիքների պատճառով, հնարավոր է, որ այդպիսի ազդեցություն ստեղծվի: Նույն շենքերի կտուրները, որտեղ նրանք գիշերում են, կարող է հայտնվում է այդպիսի զոնայի տակ, կտուրն էլ հանդիսանում է ինչ-որ լրացուցիչ տաքացման աղբյուր և այդպիսի դեպքեր են գրանցվում: Այս տարբերակի մեջ թեորիան և ենթադրություններն ավելի շատ են, քան առաջին երկուսում, բայց տրամաբանություն կա»:

Ըստ մասնագետի, ամենահավանական տարբերակը թունավորում է, բայց մյուս երկուսն էլ լրիվ հերքել չի կարելի: «ՍԱՏՄ և մյուս լաբորատորիների դերն աստեղ այն է, որ նրանք հերքեն այս կամ այն հիվանդությունները: Մենք չգիտենք, թե այդ վնասակար նյութերը որտե՞ղ են թաղված, ի՞նչ վիճակում են և այլն: Հնարավոր է ինչ-որ շերտ բացվել է անձրևների պատճառով, դրա համար կարող է անձրևաջրերով անցած լինել սննդամթերքի մնացորդների մեջ, իսկ մենք այսօր տեսնենք դրա հետևանքները: Մեխանիկական վնասվածք կարող է լինել նաև այն պատճառով, որ թռչունը ենթադրենք ընկել է բարձրությունից»,- եզրափակեց նա:

Թունավորման վարկածի հետ կապված Անուշ Հարությունյանը նշեց՝ քանի որ ֆիքսվում է, որ մեխանիկական վնասվածքից են սատկել թռչունները, այդ պատճառով հետագա հետազոտություն անելն անիմաստ է և շատ թանկ: «Թունավորման դեպքում թռչնի օրգանիզմում այնպիսի փոփոխություններ պետք է լինեն, որ առիթ տան ուսումնասիրությունները շարունակելու: Ակնհայտ է, որ մահը վրա է հասել դրսից՝ մեխանիկական ազդեցությամբ»,- ասաց նա:

Բացի այդ, միայն կենտրում է այդ խնդիրը, հատուկենտ են ահազանգում կենտրոնից դուրս շրջաններից: Վերջինս պարզաբանեց նաև Երևանից դուրս գրանցված ընտանի թռչունների անկման դեպքերը՝ նշելով, որ գյուղացիների ահազանգերից հետո ՍԱՏՄ մասնագետների այցելության ժամանակ այդ թռչունները չեն հայտնաբերվել և մարմինը հնարավորություն չի ունեցել հետազոտություն անցկացնելու:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում