«Մենք այսուհետ չենք պայքարելու կենդանիների դեմ, այլ՝ հանուն մարդկանց ու կենդանիների համակեցության». Հայկ Մարության (տեսանյութ)

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մենք այսուհետև չենք պայքարելու կենդանիների դեմ, մենք պայքարելու ենք հանուն մարդկանց ու կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ ու անվտանգ զգան և՛ մարդիկ, և՛ կենդանիները»,- հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Օրերս Երևանի քաղաքապետարանի և «Փրո Փոուզ» (ProPaws) բրիտանական բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության միջև ստորագրվեց համաձայնության հուշագիր: Հայկ Մարությանն իր ելույթում նշեց. «Ցավով և վրդովմունքով պետք է նշեմ, որ նախկինում հանուն մարդկանց անվտանգության և հարմարավետության ընտրվել է կենդանիներին ոչնչացման մեթոդը: Անգամ մի կողմ թողնելով այս ոլորտում ֆինանսական չարաշահումները, մենք այսօր փաստում ենք, որ նախկինում այս պրակտիկան անմարդկային էր, ժամանակավրեպ և անարդյունավետ: Եվ ինձ համար պատիվ է փաստելու, որ Երևանն առաջին անգամ որդեգրելու է կենդանիների բարեկեցության ռազմավարությունը ոլորտի որակավորված մասնագետների և կազմակերպությունների համագործակցությամբ: Այս համատեքստում կարևորում եմ Երևանի քաղաքապետարանի և «Փրո Փոուզ» կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության հաստատումը, որի վերաբերյալ մենք հուշագիր կստորագրենք»: 

Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ՝ Իվա Մարությանի հետ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, Երևանի ավագանու անդամներ Լուսինե Բադալյանը, Օվսաննա Հովսեփյանը, Արմեն Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ Երևանի քաղաքապետարան, Բնապահպանության նախարարություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Կրթության և գիտության նախարարությու և այլոք: Ցուցահանդեսին ներկա գտնվեցին նաև «Հայտնիները հանուն անտուն կենդանիների» ֆոտոնախագծի հայտնի մասնակիցները:

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում