Անմարդկային դաժանություն. շանն այրել են ինչ-որ նյութով և լքել փողոցում (ֆոտո)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: 

Օրերս կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է արձանագրվել: Մարդկանց կողմից կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքը կարծես սահմաններ չի ճանաչում և գրեթե անվերահսկելի և անպատժելի ստեղծված իրավիճակում դրա զոհ են դառնում հիմնականում թափառող և/կամ ընտանի կենդանիները, մասնավորապես՝ շներն ու կատուները: Այս անգամ դաժան ահազանգ է ստացել թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Pawsitive Rescue Armenia - Փոուզիթիվ» նախաձեռնությունը:

Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում ասվում է. «Տեսարանը ահավոր էր, բայց ավելի ահավորն այն է, որ այս ամենը մարդու ձեռքի գործն է։ Այս խեղճ շան վրա լցրել են կամ գուցե թափվել է ինչ-որ նյութ կամ եռման ջուր. հստակ ասել չենք կարող, և այս վիճակում նա հայտնվել է դրսում։ Ինչպես նկարում երևում է, մաշկի մեծ մասը վառված է և սկսել է փտել, քանի որ մոտավորապես մեկ շաբաթ նա այս վիճակով ապրում է դրսում։ Մաշկը արդեն չի սնուցվում, կան թարախակալված, բորբոքված հանգույցներ, ականջների հատվածում, վերքերի մեջ արդեն կան ճիճուներ։ Ամենացավալին այն է, որ նրա վրա թափված հեղուկը թափվել է նաև աչքերին, և նա գրեթե լրիվ կորցրել է տեսողությունը։ Ճիշտ է դեռ մի փոքր հույս կա դեղամիջոցներով վերականգնել այն»:

Նշենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: 

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը սահմանող և դաժանության դրսորումները կանոնակարգող օրենքի անհրաժեշտության մասին կենդանասերներն ու կենդանապաշտպանները բարձրաձայնում են տարիներ շարունակ, սակայն դաշտը շարունակում է անվերահսկելի մնալ: 

Ինչպես բազմակի անգամ նշել ենք՝ կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքը վկայում է նաև մարդու հոգեկան անհավասարակշիռ և անառողջ վիճակի մասին: Այդ անձը կամ անձինք վտանգ են ներկայացնում նաև մարդկային հասարակության համար: 

«Pawsitive Rescue Armenia - Փոուզիթիվ» նախաձեռնությունը նաև տեղեկացնում է. «Նրան ստացվել է բարեհաջող վիրահատել։ Այս պահին վիճակը կայուն է, ստանում է լավ սնունդ, անհրաժեշտ ներարկումներ, ինչպես նաև սկսել ենք աչքերի բուժումը, դեռ կան շատ խնդիրներ, նրան երկար բուժում է պետք լինելու: Մի քանի օրից կփորձենք անել երկրորդ վիրահատությունը»։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում