Ովքեր են «Յունիգրաֆ-Իքս»-ի թիկունքում. հայտնի տերերն և Քաղաքապետարանի «քրեական» պաշտոնյան

«Բնակավայրերում թափառող կենդանիների դեմ պայքարի հարցը լուծելու համար Երևանի քաղաքապետարանն ամեն տարի հայտարարում է «Թափառող կենդանիների (շների) ստերջացման և պատվաստման ծառայությունների» մատուցման մրցույթ: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ սկսած 2009 թվականից ամեն տարի մրցույթին մասնակցում և հաղթում է նույն՝ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, տարեկան ստանալով մոտ 100 միլիոն դրամ»,- տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում այս պահին ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձևակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 12«6 տոննա« ձևակերպվել է 206 տոննա բրնձի ձեռքբերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա, իսկ ձևակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ:

Պարզվել է նաև, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության գործունեության վերահսկողությունը ստանձնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը: Կատարվում է հետաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ»:

Նշենք, որ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրոի տվյալներով, «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ հիմնադիրներն են՝ Արա Սադոյանը, Ռուբեն Սադոյանը և Դավիթ Ներսիսյան Դավիթը: Երեքի մասնակցությունն էլ դադարեցված է: Արա Սադոյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է, իսկ Ռուբեն Սադոյանը ՀՀԿ անդամ է, նախկինում՝ պատգամավոր, իսկ այժմ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 

«Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի գործունեության մասին տարիներ շարունակ բարձրաձայնում և ահազանգում են կենդանասերներն ու կենդանապաշտպանները: Տարիներ շարունակ այդ ահազանգերը արհամարվել են թե Ոստիկանության, թե մյուս պետական կառույցների կողմից: Բազմաթիվ անգամներ խոսվել է ընկերության գործունեության ֆինանսական կողմից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից հայտարարված մրցույթներին այլ կազմակերպությունների համար արհեստականորեն ստեղծված խոչընդոտների մասին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետը Արման Եդոյանն է: Վերջինս 2015թ.-ին  Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի ղեկին փողոցում վրաերթի էր ենթարկել 53-ամյա Խորեն Մկրտչյանին, ով մոտ 28 մետր շպրտվել է և տեղում մահացել: Վարորդը՝ Արման Եդոյանը, անգամ մեկ օր կալանավորված չի եղել: Դեպքից երկու տարի առաջ էլ Արման Եդոյանը Հանրապետության հրապարակում դաժան ծեծի էր ենթարկել փուչիկ վաճառող մի երեխայի: Վերջինս նաև աչքի է ընկել ապրիլ ամսին տեղի ունեցած ժողովրդական շարժման ընթացքում:

Այս խնդրի մասին նախորդ տարվա հոկտեմբեր ամսին բարձրայնում էր նաև Երևանի ավագանու նախկին անդամ, ներկայիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ գրելով. «Քաղաքապետարանը կարծում է, որ նախկինում սպանված շների քանակը բավարար չէր և նոր պայմանագրով առաջարկելու է կտրուկ նվազեցնել ստերջացվող (ստերիլիզացվող) շների քանակը, կտրուկ ավելացնելով սպանվող շների քանակը: Հիմնավորումը ամենաֆենոմենալն էր՝ «միջազգային փորձից ելնելով», թե որ երկրների որ փորձից այդպես էլ չմանրամասնվեց»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում