Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքի գործունեությունը կասեցվում է
«Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքի գործունեությունը կասեցվում է: Այս մասին տեղեկանում ենք Մեղրի համայնքի ղեկավարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանից: Շահագործման դադարեցման պատճառները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի բնակիչները շարունակում են դեմ արտահատվել Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործման և համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ: Այսպիսով, ձևավորվել է «Հանք թե՞ կյանք» նախաձեռնությունը:
Մեղրեցիները արդեն մի քանի օր է ստորագրահավաք են սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Հանրագիր՝ Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական և հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու, Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը դադարեցնելու և համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով: