Ահազանգ. «Որսացել» են չթույլատրված գիշատիչ թռչուն (ֆոտո)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:
Քիչ առաջ համացանցում հրապարակվել է լուսանկար, որտեղ երիտասարդի ձեռքերում գիշատիչ թռչուն է: Ինչպես տեղեկանում ենք` Կենդանաբանության ինստիտուտի, Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի կենդանաբան գիտաշխատակիցներից լուսանկարում, հավանաբար, տափաստանային ճուռակ է (Buteo rufinus):
Տափաստանային ճուռակը որսատեսակ չհանդիսացող կենդանի է, և տվյալ կենդանու որսը թույլատրված չէ: Տեսակը ՀՀ-ում լայնորեն տարածված է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում «Քիչ վտանգված» (Least Concern) կարգավիճակով: Տափաստանային ճուռակները հաճախ որսագողերի զոհ են դառնում, ինչպես նաև հանդիսանում են խրտվիլակային բիզնեսի օբյեկտներ: Հայաստանում տվյալ բիզնեսի օբյեկտներից շատերը գիշատիչ թռչուններ են:
Ի դեպ, լուսանկարում պատկերված թռչնի արտաքինից կարելի է ենթադրել, որ կենդանին հավանաբար դեռ ողջ է: Լուսանկարներում երևում է նաև, որ թռչնի փետուրների մի մասը բացակայում է, սակայն ոչ փետրափոխման հետևանքով, այլ՝ ջարդված են: Ինչը վկայում է նրա մասին, որ հավանաբար երիտասարդի կրակոցից ճուռակը վիրավորվել է, ինչի հետևանքով էլ դարձել է «հեշտ հասանելի»: Տվյալ դեպքը պարունակում է ինչպես որսագողության հոդվածով հանցագործության տարրեր, այնպես էլ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի:
Լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սուր Բակլաչյան անունով օգտատերը: Վերջինս հաշվառված է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Հրապարակման ամսաթիվը հստակ ֆիքսված չէ, սակայն դատելով երիտասարդի արտաքին ցուցիչներից, այն արվել է վերջին մեկ ամսվա ընթացքում:
Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: