Մերժում ենք քաղաքապետին, ով տարիներ շարունակ աջակցել է կենդանիների սպանդին (ֆոտոշարք)
Այսօր՝ մայիսի 10-ին, Քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքված մարդկանց բազմությունը պահանջում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բողոքի ակցիայի մասնակիցները հրապարակավ ելույթներով թվում էին Երևան քաղաքում առկա բազմաթիվ խնդիրները, որոնք անհանգստացնում են բնակիչներին: Այդ թվում նաև բարձրաձայնվեցին բնապահպանական խնդիրներ, ինչպիսին օրինակ՝ Երևանում կանաչապատ տարածքների խնդիրը, աղբահանության խնդիրը և այլն:
Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին մասնակցում են նաև «Դինգո թիմի» անդամները՝ բարձրաձայնելով թափառող կենդանիների տարիներ շարունակ չլուծվող խնդրի մասին:
«Միլիոններ են հատկացվում Քաղաքապետարանի կողմից, պետբյուջեից՝ անտուն կենդանիների խնդիրը լուծելու համար: Գումարները մխսվում են, հարցը մնում է չլուծված: Այս ասպարեզում տիրում է բացարձակ մենաշնորհ: Ամեն տարի այդ տենդերը շահում է «Յունիգրաֆ-Իքս» կազմակերպությունը, որն իրականում զբաղվում է անտուն կենդանիների սպանդով մասսայական ստերջացման փոխարեն: Եվ կենդանիների արյամբ հարստանում են դրա տերերը՝ հանրապետական Սադոյան եղբայրները»,- հայտարարեց «Դինգո թիմի» անդամ Գոհար Մանուշակյանը:
Վերջինիս խոսքով, քաղաքապետարանը՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, միշտ պաշտպանել է այս արյունարբու կազմակերպության շահերը: «Մեր բողոքները, ահազանգերը, ապացույցներն ու երկխոսության բոլոր կոչերը միշտ եղել են ապարդյուն: Հիշեցնենք նաև, որ բազմաթիվ ապացույցներ և վկայություններ կան, որ Քաղաքապետարանի հրահանգով օրվա տարբեր ժամերի իրականացվում է շների սպանդ զենքի գործածմամբ: Այն դեպքում, երբ բնակելի վայրում զենքի գործածումն արգելված է և քրեորեն պատժելի արարք է: Այս կենդանասպան կառույցին՝ Քաղաքապետարանին, աջակցում է նաև Ոստիկանությունը՝ ոչինչ չձեռնարկելով և կոծկելով»,- հավելեց նա:
Նշենք, որ Հայաստանում թափառող կենդանիների խնդրի մասին բազմաթիվ անգամներ բարձրաձայնել են թե կենդանասերները, թե կենդանապաշտպան կազմակերպությունները, թե ԶԼՄ-ները: «Յունիգրաֆ-Իքս» կազմակերպության «կասկածելի» գործունեությունը ևս բազմաթիվ անգամներ քննարկման առարկա է դարձել: Հրապարակվել են նաև բազմաթիվ լուսանկարներ, տեսանյութեր, որոնք մնացել են անպատասխան:
«Պահանջում ենք, որ հեռանալիս Տարոն Մարգարյնն իր հետ տանի «Յունիգրաֆ-Իքս» կազմակերպությունը: Մենք մերժում ենք այն Քաղաքապետին, ով տարիներ շարունակ աջակցել է կենդանիների սպանդին, նպաստել է պետբյուջեից փողերի լվացմանը: Պահանջում ենք, որ այս չարիքը վերջապես արմատախիլ լինի և տեղ տա նոր, ավելի արդյունավետ և ավելի բարոյական հարցի լուծմանը»,- եզրափակեց Գոհար Մանուշակյանը:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: