Շան ոտքը կտրած մարդը շատ վտանգավոր է հասարակության համար. փորձագետներն ահազանգում են

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: 

Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Երևանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական սարսափելի դեպքն է գրանցվել: «Դինգո թիմն» ահազանգ է ստացել, որ փողոցում ոտքը կտրած, վատ վիճակում գտնվող շան ձագ է հայտնաբերվել:

«Մեզ ահազանգել են Չարբախից, որ 2-3 օր շունն այդպես շրջում է: Վերքերը գնալով ավելի խորանում, մեծանում են: Ահազանգով գնացինք, վերցրեցինք: Ոտքը կիսատ էին կտրել, բդիկի մասը թողել էին: Ամեն ինչով կարող է կտրած լինեն՝ թե՛ կացինով, թե՛ դանակով, թե՛ ածելիով, անհայտ է ինչով, բայց կոնկրետ կտրած է, որովհետև վերքի եզրերը վկայում են, որ դա սուր գործիքով կտրած է: Այսինքն, մեքենան չի անցել վրայով, սա սպեցիֆիկ վերք է, որ հենց ձեռքով միտումնավոր կտրված է»,- մեզ հետ զրույցում ասաց «Դինգո» թիմի անդամ Գոհար Մանուշակյանը:

Վերջինս մանրամասնեց, որ կենդանուն վերցրել են Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Դեկորա» խանութի մոտակայքից, բայց, թե ե՞րբ և որտեղի՞ց է կենդանին հայտնվել այդ տարածքում, դժվար է ասել:

«Ահազանգող մարդիկ եկել են աշխատանքի, տեսել են շանն այդ վիճակում, սկսել են կերակրել, պահել, հետո հասկացել են, որ մոտն արդեն փթախտ է սկսում ու ահազանգել են մեզ: Երեկ կենդանին վիրահատվել է. թողած ոսկորը հեռացվել է: Ընդհանուր առմամբ՝ կապրի: Այսպիսի դեպք չենք հանդիպել մինչ այժմ»,- ասաց նա:

Մեր հարցադրմանը, թե մարդկային նման դաժանության պատճառը որտե՞ղ պետք է փնտրել, ի՞նչ նպատակ է այն հետապնդում, Գոհար Մանուշակյանը պատասխանեց. «Զուտ հաճույքի, ոչ մի ուրիշ բան, պարզ երևում է, որ միտումնավոր ոտքը կտրել են: Դա ամպուտացիա չէ, բժշկի արված չէ, կարեր չկան, խայտառակ վիճակ է, տեսանյութում դեռ այդքանը չի երևում»:

Ըստ բժշկի՝ կտրվածքն ամենաքիչը 4-5 օր առաջ է արվել: Խոսելով Ոստիկանություն դիմելու մասին՝ «Դինգո» թիմի անդամն ասաց. «Մենք ոստիկանություն չենք դիմել: Դեպքեր ենք ունենում, որ կրակում են կենդանու վրա տիրոջ առաջ, իսկ հետո ծանոթի, բարեկամի միջոցով այդ գործը փակում են: Ոչ ոք նույնիսկ գործ չի վերցնում: Ապացույցներով դեպքեր ենք անգամ ներկայացնում ու ոչնչի չենք հասնում: Խնդիրը նաև նրանում է, որ մեր երկրում չկա կենդանիների պաշտպանության օրենք»:

Նշենք, որ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք սահմանող օրենքի անհրաժեշտության մասին խոսել ենք բազմիցս: Այս խնդրի մասին բարձրաձայնում են թե՛ կենդանապաշտպանները, թե՛ համապատասխան մասնագետները, թե՛ ԶԼՄ-ները, սակայն որևէ քայլ այս ուղղությամբ չի արվում ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմինների կողմից:

Օրենքի բացակայության և պետական մարմինների անտարբերության պատճառի մասին խոսեցինք իրավապաշտպան, կենդանապաշտպան, «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի հետ, ով ասաց. «Երբ ցանկացած օրենք, որը մի քանի հոգու համար շահավետ է լինում, մեզ մոտ անմիջապես կարողանում են ընդունել: Ինչո՞ւ է այդպես ստացվում, որ անգամ այս ոլորտը, որն իսկապես կարող է պետության բյուջե նույնպես բերել հստակ, բավական լուրջ գումարներ, որևէ կերպ առաջխաղացում չի ունենում: Ցավալիորեն, սա հենց ամենալավ, ժողովրդական լեզվով ասած՝ «գլխառադի» սկզբունքն է. ոչ ոք ուղղակի չի ուզում նստել և անել իր աշխատանքը՝ առաջին հերթին օրենսդրականի մասով»:

Այնուամենայնիվ, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: 

Տասնյակ ահազանգերը, սակայն, հավանաբար դեռ չեն ստիպել իրավապահ մարմիններին այս հոդվածը կիրառել՝ պատժելով մեղավորներին: Անգամ հասարակական վայրում զենքի կիրառմամբ կենդանուն վնաս կամ մահ պատճառելը, գրեթե չի քննվում ՀՀ ոստիկանության կողմից:

Տվյալ դեպքն ուշագրավ է նաև մարդկային դաժանության տեսանկյունից: Այս մասին զրուցեցինք նաև հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ, ով նշեց, որ այն մարդիկ, ովքեր առհասարակ տանջում են կենդանիներին, նորմալ չեն: «Դա խոսում է նրա հոգեվիճակի ծայրաստիճան բացասական լինելու մասին: Այդ դաժանությունը կենդանու նկատմամբ խոսում է նաև այն մասին, որ կոնկրետ այդ մարդու նկատմամբ մանուկ հասակում դաժանություն է կիրառվել: Կենդանիներին այդպիսի մարդիկ են տանջում: Նա կամ հոր, կամ մոր, կամ երկուսի, կամ այլ անձանց կողմից ենթարկվել է շատ դաժան դաստիարակության, ծեծերի, միգուցե վախեցրել են նրան, ծնողները միգուցե բաժանված են եղել և այլն: Այստեղ կարող ենք թվարկել բոլոր բացասական իրադարձությունները, որոնք ընտանիքներում լինում են: Այդպես է մարդը դառնում դաժան: Այդպես մեծացած մարդն է կենդանիներին հետո ենթարկում կտտանքների»,- մանրամասնեց նա:

Մեր հարցադրմանը, թե կարող է արդյո՞ք նշված անձը համարվել առողջ, տիկին Ծատուրյանն ասաց. «Այդ մարդը հոգեպես առողջ չի կարող համարվել և կարող է հասարակության համար շատ վտանգավոր լինել: Կենդանու նկատմամբ վերաբերմունքից պարզ երևում է՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում: Մեկը մյուսի հետ կապված է: Եթե նա իրենից փոքրին, անպաշտպանին այդպիսի վնաս է պատճառում, ուրեմն այդ մարդը նորմալ չէ: Դա ակնհայտ է»:

Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության ուշադրությունը:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում