Այսօր թափառող կենդանիների համաշխարհային օրն է
Ապրիլի 4-ը թափառող կենդանիների համաշխարհային օրն է (World Stray Animals Day): Այսօր հիանալի առիթ է աշխարհում գոյություն ունեցող ավելի քան 600 մլն թափառող կենդանիներին ավելի լավ վերաբերմունք ցուցաբերելու համար: Կենդանիները հենց այնպես չեն դառնում կամ ծնվում թափառող: Շատ հաճախ թափառող կենդանիները մարդկային անպատասխանատվության զոհերն են. թափառող կենդանիները հիմնականում ինչ-ինչ պատճառներով տանից «վռդված» և լքված կենդանիներն ու դրանց ժառանգներն են:
Այսօր՝ թափառող կենդանիների համաշխարհային օրը, մարդիկ առավել գիտակից և պատասխանատու պետք է սկսեն ցուցաբերել իրենց խնամքին գտնվող կենդանի էակների նկատմամբ: Հաճախ թափառող կենդանիներն ապրում են դժվար կյանքով, տանջվում են շոգից, սրտից, սովից, իսկ առավել հաճախ նրանք ուղղակի մահանում են: Յուրաքանչյուր մարդ, գոնե այսօր կարող է հոգատար վերաբերմունք ցուցաբերել նման իրավիճակում հայտնված կենդանու նկատմամբ: Թափառող կենդանիների համաշխարհային օրը սահմանվել է, որպեսզի կենդանիների նկատմամաբ ցուցաբերվի հոգատարություն և իրականացվեն քայլեր իրավիճակը շտկելու ուղղությամբ:
Այսօր Հայաստանում թափառող կենդանիների խնդիրը ևս օրհասական է: Մարդիկ դեռ շարունակում են անողոքաբար կրակել և վնաս պատճառել թափառող կենդանիներին, իսկ պատասխանատու պետական մարմինները դեռևս չեն հասել խնդրի վերջնական կարգավորման: Նշենք, որ խնդիրն առավել ցավալի է մայրաքաղաք Երևանից դուրս, որտեղ համայնքային կառավարման մակարդակով գործում է կենդանիներին ոչնչացնելու սկզբունքը:
Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, կան մարդիկ, ովքեր սրտացավ են կենդանիների ճակատագրի նկատմամբ և փորձում են իրենց քայլերով թեթևացնել փողոցում հայտնված կենդանիների կարգավիճակը: Կան մարդիկ, ովքեր անգամ որդեգրում են հաշմանդամ կենդանիների՝ նրանց համար ապահովելով առավել լավ պայմաններ:
Կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր ներդրումն ունենալ թափառող կենդանիների կյանքը բարելավելու գործում. կերակրելով նրանց, որդեգրելով կամ ուղղակի լավ վերաբերմունք ցուցաբերելով:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: