«Քերած և վիզը կտրած» բեզոարյան այծ՝ Խոսրովի անտառ արգելոցում

Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում բեզոարյան այծի դի է հայտնաբերվել, նախնական տվյալների համաձայն՝ որսագողության զոհ։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 23-ի գիշերն արգելոցի տարածքում, մասնավորապես՝ Խաչաձորի ուղեփակոցից դեպի վերև ընկած հատվածում, հայտնաբերվել է մեկ բեզոարյան այծի դի։ Մեր աղբյուրը հայտնել է նաև, որ մարդու միջամտությունն ակնհայտ է եղել, քանի որ կենդանու դին եղել է քերած, վիզը կտրած և այլն։  

Աղբյուրը հայտնել է նաև, որ այս պահին ոստիկանությունը և ԲԸՏՄ աշխատակիցներն արգելոցի տարածքում է, տնօրենը ևս տեղյակ է։ 

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ ըստ նախնական վարկածի կենդանին հոշոտված է եղել։ «Հունիսի 22-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ: Կենդանու անկման պատճառները պարզելու համար տեղեկատվությունը փոխանցվել է ԲԸՏՄ Արարատի տարածքային բաժնին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին»,- հայտնել է ՇՄՆ-ը: 

ՀՀ ԲԸՏՄ-ից հատնել են, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Խաչաձոր» տեղամասում հայտնաբերվել է բեզոարյան այծի արգասիքներ։ Տեսուչներն անմիջապես մեկնելով դեպքի վայր հայտնաբերել են անհայտ պայմաններում անկած մոտ 2 տարեկան արու այծի արգասիքներ՝ գլուխ, կաշի և ոտքեր։ Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն։

Հիշեցնենք, որ Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարողն այժմ Արտակ Մխիթարյանն է։ 

Բեզոարյան այծը ՀՀ կենդանիների կարմիր գրքում ընդգրկված տեսակ է։ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) պատճառված վնասի հատուցման սակագին, որը բեզոարյան այծի դեպքում կազմում է 3 000 000 դրամ։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում և անտառպուրակներում ծառատեսակների և թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սակագների հնգապատիկի չափով։

Նշենք նաև, որ հունիսի սկզբին նմանատիպ դեպք է արձանագրվել․ բեզոարյան այծը հայտնաբերվել է Վեդու ջրամբարի ճանապարհին՝ Ուրցաձոր համայնքի վարչական տարածքում: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում