Այս հազվագյուտ կետերը պատահաբար տեսախցիկի առջև են հայտնվել (տեսանյութ)
Կարիբյան ծովում, Դոմինիկիայից 5 կմ դեպի արևմուտք, ծովի խորությունը կտրուկ մեծանում է՝ 600 մետրից հասնելով 1500 մ-ի: Այս տարածքում հաճախ կարելի է հանդիպել կաշալոտների: Հենց այս յուրահատուկ կենդանիներին նկարելու հույս ուներ լուսանկարիչ Պատրիկ Դայկստրան, սակայն փետրվարի 27-ին նրա տեսախցիկի առջև հայտնվեցին ավելի փոքր, սակայն կետերի ընտանիքի առավել խորհրդավոր տեսակի ներկայացուցիչներ:
Կենդանիների մարմինը մուգ կապտագույն էր, փորի հատվածում՝ ավելի բաց երանգի: Մեջքին, պոչին ավելի մոտ հատվածում, նրանք ունեին փոքր լողաթև: Պոչը ևս տարբերվում էր կաշալոտներին հատուկ ձևից:
Նկարահանող խումբը՝ ենթադրելով, թե նկարահանել է դելֆինների, տեսագրությունը փոխանցում է մասնագետներին, ովքեր հայտնում են, որ կադրում հայտնվել են հազվագյուտ ծովային կաթնասուններ՝ Mesoplodont whale (Ремнезубы) անվանմամբ: Պատրիկի թիմը նկարահանել էր 2 որձերին, էգ կետի և ձագի հետ միասին:
Կետերի այս տեսակին անվանում են նաև Ժերվեի կետեր՝ ի պատիվ ֆրանսիացի Պոլ Ժերվեի, ով 1855 թ.-ին առաջին անգամ նկարագրեց այս տեսակը: Մինչ այսօր, այս կենդանիների մասին շատ քիչ բան է հայտնի: Նրանք բնակվում են Ատլանտիկ օվկիանոսի կենտրոնական և հյուսիսային հատվածներում, սնվում են կաղամարներով, ծովախեցգետնով և ձկով: Կշռում են մոտ1200 կգ, ամենախոշոր էգերի երկարությունը հասնում է մինչև 5.2 մետրի, իսկ որձերինը՝ 4.6 մետրի: Այս կենդանիների վարքը շատ վատ է ուսումնասիրված, իսկ նրանց հանդիպելու հազվագյուտ դեպքերը վկայում են նաև թվաքանակի քիչ լինելու մասին: