Հայ երեխաները մասնակցել են Տոկիոյի ամենամյա բնասիրական նկարչական մրցույթին (ֆոտո)
Հայ փոքրիկներն այս տարի ևս մասնակցել են Տոկիոյի ամենամյա բնասիրական նկարչական մրցույթին՝ ներկայացնելով բնությունն իրենց աչքերով: Այս մասին տեղեկանում ենք Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրեն Նարե Արամյանից: Կենտրոնի 20-ից ավելի աշակերտներ՝ ոգեշնչվելով իրենց հետ անցկացվող բնասիրական դասընթացներից, իրենց աշխատանքներն են ներկայացրել նշված միջազգային մրցույթին: Երեխաների բնասիրական մղման և մրցույթին մասնակցության մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցեց Պատանեկության ստեղծագործական կենտրոնի նկարչության խմբի ղեկավար Վահրամ Կաթրջյանի հետ:
«Շրջակա միջավայրի պաշտպանությունն այսօր կարևորագույն խնդիր է և երեխաները այդ ուղղությամբ պետք է մանկուց ստանան բավական գիտելիքներ, որպեսզի հետագայում խուսափեն խնդիրներից, որոնք կախված են ամբողջ մարդկության վերևում: Դա գիտակցում են ամբողջ աշխարհում և ամեն տարի Ճապոնիայում, մասնավորապես՝ Տոկիոյում, կազմակերպվում է նման ցուցահանդես շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ: Երեխաները նկարում են թե՛ Երկրի, թե՛ երկնքի, թե՛ ջրի պատկերներ: Նրանք նկարում են իրենց ցանկությունները, շրջապատում տեսած և՛ լավ, և՛ վատ երևույթները: Ցուցահանդեսի ընթացքում առաջադրվում են մի քանի անվանակարգեր՝ լավագույն մրցանակ, հատուկ մրցանակ, խրախուսական մրցանակ և այլն: Նախորդ տարի մեր սաներից մեկը՝ Գայանե Գաբրիելյանը, արժանացավ խրախուսական մրցանակի, ինչն էլ նրան ոգևորեց այս տարի ևս մասնակցություն ունենալ»,- պատմեց ուսուցիչը:
Մրցույթին մասնակից աշխատանքները հրապարակվում են ամսագրում, որի վերջին էջում նշված են լինում մասնակից երկրների անունները: Ինչպես նշեց Վահրամ Կաթրջյանը, հետաքրքրական է, որ նախորդ տարի Հայաստանը տեղ էր զբաղեցնում ասիական երկրների շարքում, իսկ արդեն այս տարի՝ եվրոպական:
«Այս տարվա մասնակիցները մեր կենտրոնից 22-ն են, ուղարկել ենք 24 նկար: Բոլոր մասնակիցները նվերներ են ստացել Տոկիոյում տեղի ունեցած ցուցահանդեսի կազմակերպիչների, ինչպես նաև Պատանեկության ստեղծագործական կենտրոնի կողմից: Տոկիոյից ուղարկված նվերները փետրվարի 26-ին, մենք միջոցառման շրջանակներում հանձնեցինք երեխաներին»,- ասաց նա:
Նկարչության խմբակում կա շուրջ 40 ուսանող երեխա: Մեր հարցադրմանը, թե երեխաների մոտ նկատվում է արդյո՞ք սեր դեպի բնությունը, Վահրամ Կաթրջյանը մեզ պատասխանեց. «Ես իրենց մոտ նկատում եմ հետաքրքրվածություն դեպի բնության, շրջակա միջավայրի պահպանություն: Այդ ուղղությամբ մեզ մոտ նույնպես դասախոսություններ են անցկացվում: Երեխաները մեծ ուշադրությամբ և սիրով լսում են, իրենց կարծիքն են արտահայտում, երևակայությունն են գործադրում: Պետք է նշեմ նաև, որ հասարակության մեջ դեռ բաց կողմեր կան այս առումով: Այս տարիքից երեխաները պետք է զգան և հասկանան գոնե միջավայրը մաքուր պահելու կարևորությունը: Երեխաների մեծ մասին են հետաքրքրում այս խնդիրները: Ծնողներն էլ պետք է օրինակ ծառայեն իրենց երեխաների համար: Շատ անգամ մենք հանդիպում ենք հակասության, բայց նաև մանկավարժների միջամտությունն է կարևոր, որ խոսվի այդ մասին և երեխան կարողանա տարբերել գեղեցիկ և տգեղ երևութները»:
Նշենք, որ Կենտրոնի պատանի նկարիչների ուշագրավ և թեմատիկ աշխատանքներն արժանացել են հավանության, իսկ հեղինակները պարգևատրվել են նվերներով, ինչի առիթով հադիսավոր պայմաններում նրանց շնորհավորել և հանձնել են պարգևները: