Արմավիրի «դժոխային» այգում կենդանիները շարունակում են տանջվել (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը բազմաթիվ անգամներ ահազանգել է Արմավիր քաղաքում գտնվող «մասնավոր կենդանաբանական այգում» պահվող կենդանիների անմխիթար վիճակի մասին։ Օրերս, համացանց են բեռնվել նոր լուսանկարներ, որոնք վերոնշյալ պնդման ևս մեկ վկայությունն են։ 

Նշենք, որ տվյալ այգու տնօրենն Արմեն Թադևոսյանն է, որը նման «դժոխային» պայմաններում է պահում ոչ միայն ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված, այլև՝ ԲՄՊՊ Կարմիր ցուցակում ընդգրկված կենդնատեսակների, սակայն, պնդում է նաև, որ սիրում է նրանց։ «...Բա ի՞նչ անեի, թողնեի՞ սատկեին կամ քնացնեին էտ կենդանիներին... զանգում էին, ասում էին՝ չենք կարում պահենք, ես էլ վերցնում էի, բայց պայման չունեի: Երեխուս պես սիրում եմ էս կենդանիներին...»,- մեզ հետ զրույցում մանրամասնել է նա։ 

Լուսանկարում սպիտակագլուխ անգղ է /Gyps fulvus/, սակավաթիվ, վտանգված տեսակ է: Գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Այս հազվագյուտ թռչնատեսակը պահվում է ակնհայտորեն սարսափելի պայմաններում։ 

Եվս մեկ կարմիրգրքյան տեսակ է գորշ արջը, որոնցից մեր վերջին այցելության ընթացքում 4-ն էին, իսկ այժմ՝ անհայտ։ Նման պայմաններով այգում պահվող 23-ամյա էգ արջը 2018թ․-ին երկու քոթոթ է ծնել, ինչն ըստ մասնագետների, անթույլատրելի է, քանի որ նախ կենդանին համարվում է ծեր, և երկրորդ՝ արջերին պահելու պայմանները բավարար և նպաստավոր չեն վերարտադրություն իրականացնելու համար: Ի պատասխան այգու տնօրենը նշել է. «Չեմ բազմացնում, ուղղակի ուզեցա տեսնեմ 23 տարեկանում ձագ կտա, թե՝ չէ, էտ էլ լուրջ բան ա»

Արդեն 2019թ․-ին Արմեն Թադևոսյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ նշված «այգում» խնդիր կա կենդանիներին կերակրելու հետ: Վերջինս նշել է. «Այժմ 3 օրը մեկ հացի փռերից հետ եկած հացերն եմ 5000 դրամով գնում, թրջում եմ, որ արջերը ուտեն: Դա հերիք չի անում, տալիս եմ, որ գոյությունը պաշտպանեն մինչև տեսնեմ ինչ է լինում»: 

Նշենք նաև, որ Արմեն Թադևոսյանը նաև կենդանիների առք ու վաճառքով է զբաղվում: Վերջինս առցանց վաճառքի կայքէջերից մեկում վաճառում էր եվրոպական եղնիկ, որը ծնվել էր կրկին Արմավիրում գտնվող «մասնավոր կենդանաբանական այգում»:  

Այսպիսով, ընդգծենք, որ ավելի քան 20 տարի գործող այս «դժոխային» այգին շարունակում է դուրս մնալ պետական մարմինների ուշադրությունից, ավելին՝ գտնվում է համայնքի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման «հովանավորության» ներքո․․․ սակայն, միայն ապօրինությունը կոծկելով, իսկ ԲԸՏՄ տեսուչներն այգի այցելության ընթացքում առաջնորդվում են Արմեն Թադևոսյանի հետ ծանոթ-բարեկամական հարաբերությունների սկզբունքներով։ 

Հավելենք, որ այգում պահվում են նաև խոշոր գիշատիչներ, ինչպես նաև՝ կարմիրգրքյան այլ հազվագյուտ կենդանատեսակներ։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում