Հատուկ պահպանվող ու անտառային տարածքներում բացառվել են նավթի և գազի որոնման ուսումնասիրությունները
Ինչպես հայտնել ենք, «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի հայտրը դրական եզրակացություն է ստացել ՀՀ տարածքի 1-րդ և 3-րդ պայմանական բլոկներում (Շիրակի, Լոռու, Տավուշի մարզեր) նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության համար: Նշված տարածքներում կան մի շարք բնության հատուկ պահպանվող տարածքներ` «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերը, Մրտավարդենու, Զիկատարի, Գյուլագարակի, Իջևանի, Մարգահովտի, Գանձաքարի, Հանքավանի ջրաբանական, Ախնաբադի կենու և Գետիկի արգելավայրերը:
Ինչպես տեղեկանում ենք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանից, բնության հատուկ պահպանվող տարածքներում երկրաբանական աշխատանքներ չեն իրականացվի:
««Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ հայտի վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել էր դիտողություն, որն ընդունվել էր «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ կողմից:
Մասնավորապես, նշվել էր, որ հայտում տարածաշրջանների նկարագրության մեջ առկա են հատուկ պահպանվող տարածքներ և անտառային հողեր: Անհրաժեշտ է տալ պարզաբանում և բացառել ուսումնասիրության աշխատանքները հատուկ պահպանվող և անտառային տարածքներում: «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ ընդունել էր դիտողությունը և կատարել համապատասխան ուղղումը, այն է ՝ «Դիտողությունն ընդունված է հայտի էջ 27-ում և ծրագրի էջ 18-ում ավելացրել ենք, որ հատուկ պահպանվող տարածքներում և անտառային հողերում ընկերությունը բացառում է որևէ երկրաբանական աշխատանքների իրականացում»,- մանրամասնեց Մարինե Կարապետյանը:
Այսպիսով, նախնական գնահատման հայտում ամրագրվել է, որ հատուկ պահպանվող և անտառային տարածքներում բացառվում են ուսումնասիրության աշխատանքների իրականացումը: