Սյունիքի մարզում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ են որսացել
Հունվարի 24-ին Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Աջաբաջ գյուղին հարող տարածքում Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի որսի դեպք: Որս իրականացնողը դիմել է փախուստի: Որսացվել է կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծ: Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունը:
Իրավապահ մարմինների կողմից կհարուցվի քրեական գործ: Իրականացվում են օրինախախտի որոնման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ Բեզոարյան այծի որսի դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը 3.000.000 դրամ է: Ճշտվում է տարածքի պատկանելությունը, ըստ որի վնասի չափը կարող է փոփոխվել: 28կգ որսամսի տնօրինումը կկազմակերպվի օրենքով սահմանված կարգով: