Ինչո՞ւ սպիտակ արագիլն այլևս Հայաստանից չի հեռանում

Կլիմայական փոփոխությունների պատճառով ծանր ազդեցություն է լինում ինչպես կենդանական, բուսական աշխարհի, այնպես էլ, բնականաբար, մարդկության վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան-ակտիվիստ Կարինե Փանոսյանը:

«Ինչպես գիտենք, անոմալ եղանակները միայն Հայաստանում չեն, այլև ամբողջ աշխարհում են և արդեն մի քանի տարի է մենք լսում ենք կտրուկ փոփոխությունների մասին: Մենք գիտենք, որ արտաքին ազդեցությունները նույնպես նպաստում են կլիմայական փոփոխությունների առաջացմանը, այնուամենայնիվ, եթե մենք չունենայինք մարդկային գործոնի խնդիրը, ապա այստեղ չէինք լինի այսօր, որովհետև ոչ միայն տաքացումը, այլ նաև օդի աղտոտվածության, ջրի աղտոտվածության, թափոնների արտազատման հետևանքով մթնոլորտային իրավիճակի փոփոխությունը նույնպես լուրջ խնդիր է իրենից ներկայացնում: Ծանր ազդեցություն է լինում ինչպես կենդանական, բուսական աշխարհի, այնպես էլ բնականաբար մարդկության վրա»,- մանրամասնեց նա: 

Ինչպես պնդում է բնապահպանը, տարբեր եկրների գիտնականների հետազոտությունների համաձայն առաջիկա 50 տարիների ընթացքում մենք կկորցնենք կենդանական աշխարհի առնվազն կեսը, եթե ոչ 2/3-րդը: Ավելին, այս պահին վտանգի տակ են գտնվում կաթնասունների՝ 47 և թռչունների՝ 23 տոկոսը, ինչը պայմանավորված է ոչ միայն եղանակի տաքացմամբ: 

Կարինե Փանոսյանը նշեց նաև, որ կան կենդանատեսակներ, օրինակ՝ բևեռային արջը կամ աղվեսը, որոնց ոչնչացումը պայմանավորված է այլ գործոններով: «Բևեռային աղվեսը կարող է ոչ թե եղանակի տաք լինելու պատճառով վտանգվել, այլ այն պատճառով, որ կենդանու «մրցակից»՝ շեկ աղվեսը կարող է նույն տարածաշրջանում հայտնվել և բևեռային աղվեսի որսն «իրենով անել»: Սպիտակ աղվեսը ձյան բացակայության պայմաններում կարող է առաջին հերթին զոհ  և կեր դառնալ այլ գիշատիչների համար: Այսպիսով վտանգ է սպառնում բազմաթիվ կենդանատեսակների»,- նշում է նա: 

Ասուլիսին ներկա էր նաև «Թռչունների կենտրոն» ՀԿ տնօրեն Սիլվա Ադամյանը, ով նշեց, որ կան որոշ կենդանատեսակներ, որոնք նույնիսկ իրենց չափսերը կարող են փոխել: Գիտական զեկույցներից մեկում ասվում է, որ որոշ կենդանատեսակներ նույնիսկ 1.5 անգամ կարող են կրճատել իրենց չափսերը: Ժամանակին, երբ ուրիշ գործընթացներ էին կատարվում Երկրի վրա, այդպիսի փոփոխությունների ենթարկվեցին բզեզները, մեղուները և այլն: 

«2014-2015թթ.-ին մենք շատ հետաքրքիր հետազոտություններ ենք անցկացրել Հայաստանում՝ կապված սպիտակ արագիլների հետ: Մենք վերցրել ենք կոնկրետ տարածք, որտեղ բնադրվում են սպիտակ արագիլները և սկսել ենք ուսումնասիրել, նպաստել ենք, որպեսզի բնադրավայրեր ստեղծվեն: Մենք ուսումնասիրել ենք, թե ինչպիսի փոփոխություններ կան այս թռչունների շրջանում և բնական փոփոխությունների հետ կապված ինչ կոնտեքս կա: Արդեն մի քանի տարի է, ինչ սպիտակ արագիլի պոպուլյացիան Հայաստանից չի հեռանում: Սրա համար կա մեկ բացատրություն. խոսքը կլիմայական փոփոխությունների մասին է: Քանի որ կենդանիները կարողանում են իրենց ձմեռային սեզոնն անցկացնել այստեղ, կեր հայթայթել մոտակա լճերից, ապա մնում են: Փաստորեն, դեռ 5-6 տարի առաջ արագիլների ընդամենը 20 տոկոսն էր հեռանում, իսկ հիմա ընդհանրապես չեն հեռանում: Նրանք բնադրում են, ձմռանն այստեղ են մնում և այժմ համարվում են նստակյաց տեսակ»,- մանրամասնեց տիկին Ադամյանը: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում