«Paradise 2». հերթական միջազգային անդրադարձը Դիլիջանի դելֆիններին

Միջազգային «Ծովային միությունը» (Marine Connection) շարունակում է ուսումնասիրել Դիլիջանում գտնվող դելֆինների պատմությունը: Ինչպես տեղեկանում ենք միության էջից, Դիլիջանի «Best Western Paradise» հյուրանոցը հերքում է, որ կապ ունի «Դելֆինաթերապիա Դիլիջանի» հետ:

Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հայտնել է նաև «Best Western Paradise Hotel Dilijan»-ի տնօրեն Վահագն Հարությունյանը՝ ասելով. «Դելֆինարիումը հյուրանոցին կից առանձին կառույց է, որն ունի առանձին հիմնադիր, սեփականատեր: Մինչ այժմ մեզ կապել էր հյուրանոցում առկա մուտքը դեպի դելֆինարիում, որն արդեն փակ է: Մեր հյուրերի համար փակ է: Հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը հյուրանոցը պարզապես զբաղվել էր նրանց վաճառքի և մարքեթինգի մասով, ինչը նոյեմբերի 1-ից դադարեցվել է: Այն առանձին ՍՊԸ է, իր առանձին ռեկվիզիտներով, առանձին հիմնադիր տնօրենով, կանոնադրությունով»:

«Ծովային միությունը» իր հոդվածում կարևոր փաստ է արձանագրում. CITES-ի կողմից ներմուծման համար տրված թույլտվության մեջ որպես ներկրող է նշվում «Best Western Paradise» հյուրանոցը: Այս նկատառմանը հյուրանոցից պատասխանել են, որ դելֆինները ներկրվել են «Delfin Therapy Paradise LLC» կողմից:

Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Նշենք նաև, որ օրերս լայն ճանաչում ունեցող միջազգային «The Dodo» կայքը ևս անդրադարձել է Դիլիջանում պահվող դելֆինների խնդրին: Կայքը գրում է նաև, որ դելֆինները պատկանում են ռուսական «Star of Sea» (Морская звезда) ընկերությանը, որը դելֆինաթերապիա է անցկացնում նաև Սոչիում, Ռուսաստանում: Այժմ «Ծովային միությունը» (Marine Connection) հետաքննում է, թե ինչպես է այս ընկերությունը ձեռք բերել դելֆիններին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում