Ստացել ենք բնապահպանական ֆիլմերի ռեկորդային հայտերի քանակ. Մեկնարկում է Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Հոկտեմբերի 13-17-ը Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի ծրագրում ներառված 83 ֆիլմերը, 9 աշխատարաններն ու 5 ցուցահանդեսները կանցկացվեն Երևանի 17 տարբեր վայրերում: 

Այս տարի «Արևորդին» փոխել է ձևաչափը՝ կինոդահլիճից ընդարձակվելով դեպի շուրջ երկու տասնյակ տարբեր վայրեր: Նպատակն ավելի մեծ թվով մարդկանց ու բազմազան թիրախային խմբերի հասանելի դառնալն է:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների փոխտնօրեն, Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Եվա Մարտիրոսյանը և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի տնօրեն Կոշա Ջուբերտը, որը փառատոնի օրերին Հայաստանում է՝ FPWC-ի հետ ամրագրելու Հայաստանում էկո-գյուղերի ցանցի զարգացման շուրջ համագործակցությունը:

«Փառատոնի հատկանիշներից, թերևս, ամենակարևորն է բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնումը: Խնդիրներ, որոնք վաղուց դադարել են լինել «գլոբալ» և յուրաքանչյուրիս անձնականն են դարձել: Մարդը, հատկապես մեր հասարակության մեջ, սովորություն ունի աչք փակել այն ամենի վրա, ինչ իրեն այստեղ ու այս պահին չի վնասում: Ցավոք, շատերը չեն գիտակցում, որ բոլոր բնական աղետները, որոնց մասին ամեն օր լուրերով լսում ենք, իրենց միկրոգործողությունների ուղղակի հավաքական հետևանք են: Փառատոնը գործիք է՝ սրտին դիպչող կինոլեզվով, արվեստի էմոցիոնալ պրիզմայով հասանելի դարձնել մարդկանց այդ խնդիրները, ստիպել մտածել ու գործել», - ասել է փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

«Այս տարի փառատոնը ստացել է բնապահպանական ֆիլմերի ռեկորդային՝ 1214 հայտ, որոնցից հանձնաժողովն ընտրել է 83-ը: Կլիմայի փոփոխությունից ու գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներից մինչև պլաստիկե հեղափոխություն. հայտնի ու անհավանական բնապահպանական խնդիրներ, որոնց ուղերձն, ըստ էության, մեկն է. ուշքի բերել մարդկանց, փոխել անպատասխանատու, անփույթ կենսակերպը, որի հետևանքը կործանարար է: Աշխատարաններն էլ են ուղղված այդ կենսակերպի գործնական փոփոխությանը: Շատ ենք կարևորում պատանիների ու երիտասարդների մասնակցությունը, իրենց համար հատուկ ծրագիր ենք մշակել: Վստահ ենք՝ նրանք են ավելի լավ վաղվա գրավականը, նրանց իրազեկվածությունը, ճկունությունն ու համարձակությունը», - նշել է փառատոնի տնօրեն, FPWC հիմնադրամի փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը:

«Գաղտնիք չէ, որ բնության պահպանությունը և շրջակա միջավայրի հետ գրագետ և քաղաքակիրթ շփվելը վաղուց դուրս է եկել միայն պետական լիազորությունների շրջանակից։ Համամարդկային և տեղական խնդիրների ծավալն այնպիսին է, որ յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի իր դերակատարումը և՛ խնդիրների ավելացման, և՛ խնդիրների կանխարգելման հարցում։ Այս առումով շատ կարևոր է, որ նախարարությունը մշակում է, և մինչև տարեվերջ կունենանք էկոկրթության ռազմավարություն։ Իսկ նման փառատոներն ու միջոցառումները հնարավորություն են ստեղծում լուծում տալ խնդիրներին ոչ ֆորմալ գործիքների միջոցով», - ասել է ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:

«Հայաստանն աշխարհին հայտնի է որպես մշակութային հնագույն օրրան և կենսաբազմազանության կիզակետ: Շատ կարևոր է այն աշխատանքը, որ FPWC-ին է անում Հայաստանում։ Էկոգյուղերի համաշխարհային ցանցը տասնյակ հազարավոր համայնքների հետ է աշխատում աշխարհի բոլոր մայրցամաքներում և աշխարհի այս հատված՝ում մեր աշխատանքը նոր է սկսվում։ Այս կարճ ժամանակահատվածում ինչ այստեղ եմ եղել, տպավորություն է, որ Հայաստանը մի երկիր է, որը տարածաշրջանում կարող է առաջատարը լինել էկոգյուղերի ռազմավարության զարգացմամբ՝ համայքներին ներգրավելով բնության և մշակութային արժեքների պահպանման գործում», - ասել է Էկոգյուղերի համաշխարհային ցանցի տնօրեն Կոշա Ջուբերթը։

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի պաշտոնական բացումն այսօր է՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 19:00, Երևանի Պողոսյան այգիներում (Սիրահարների այգի): Փառատոնը կմեկնարկի օսկարակիր Լեոնարդո ԴիԿապրիոյի և Մարտին Սկորսեզեի հեղինակած «Ջրհեղեղից առաջ» ֆիլմով:

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Փառատոնի ամբողջական ծրագրին և թարմացվող նորություններին կարող եք ծանոթանակ festival.fpwc.org պաշտոնական կայքում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում