Սովահար, ծեծված, ամբողջ մարմինը վերքերի մեջ շանը կապել են ծառից ու հեռացել. հերթական դաժանությունը կենդանիների նկատմամբ (ֆոտո)
Կենդանասերներն ու կենդանապաշտպանները շարունակում են ահազանգել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին: Այս անգամ «Դինգո թիմն» է ահազանգում. «Ահազանգ ունեցանք, որ Զովունիում բերել են ծառից կապել են մի նիհար վերքերով շուն ու գնացել: Երբ հասանք տեղ, տեսարանը ուղղակի սարսափելի էր»:
Ինչպես տեղեկանում ենք «Դինգո թիմի» ֆեյսբուքյան գրառումից շունը մաքրացեղ փիթբուլ է եղել: «Ունեցել է «տերեր», եթե դա կարելի է այդպես կոչել: Սովահար, հազար ու մի առողջական խնդիրներով, ծեծված, ամբողջ մարմինը վերքերի մեջ: Ու դեռ այդքանից հետո մեզ պոչիկ էր թափ տալիս...
Նրան խելքի բերելու համար մեզ պետք է 50.000 դրամ, քանի որ նա բավականին երկար պիտի մնա կլինիկայում, բուժումներ ու կաթիլայիններ ստանա: Պետք է ուտի շատ լավ սնունդ ու ստանա վիտամիններ:
Գումարը բավականին մեծ է, բայց մենք գիտենք, որ միշտ ունենք ձեր աջակցությունը, որ անօգնական չթողնենք մեր կարիքն ունեցող կենդանիներին:
24100095040201 - Օվսաննա Հովսեփյան, Unibank
ArCa online - 9051 4102 0092 3316
IDRAM - 824044578»,- ասված է գրառման մեջ:
Նշենք, որ ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին դրույթ գոյություն ունի միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածում, որով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանք: Սակայն ինչպես մեզ հետ զրույցում ասել է «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանն օրենքը չի կիրառվում, մարդիկ չեն կարողանում ահազանգել իրավապահ մարմիններին, իսկ ահազանգելու դեպքում էլ այն մնում է անպատասխան:
Լուսանկարը՝ «Դինգո թիմի» ֆեյսբուքյան էջից: