Ինչպես է Արծվիկ Մինասյանը պատրաստվում նվազեցնել ՀՀ արտաքին պարտքը

«Արտաքին պարտքի նվազեցման և շրջակա միջավայրի բարելավման ծրագիր կա, որի առաջամարտիկներից մեկը մենք ենք եղել և Ֆինանսների նախարարությունն ուղիղ ներգրավվածություն ունի: Խոսքը գնում է «Բնություն, արտաքին պարտ» ծրագրի մասին»,- այս մասին հոկտեմբերի 7-ին Ջրվեժ անտառ-պուրակում «Էկո-մեդիա ցանց»-ի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Ծրագրի էությունը հետևյալն է՝ Հայաստանն արտաքին պարտք ունի որոշ երկրներին: Այս երկրներն ունեն նաև միջազգային պարտավորություն՝ ներգրավվելու բնապահպանական ծրագրերի մեջ: Մենք առաջարկում ենք, որպեսզի գումարները այդ երկրներին վճարելու փոխարեն ներդնենք մեր շրջակա միջավայրի բարելավման ծրագրերում: Այդ երկրները պետք է իրենք համաձայնվեն այս ծրագրին և համարեն, որ պարտքը փակվեց: Ո՞րն է շահագրգռվածության ուղղությունը, որը նրանց կգրավի: Այս երկրները պետք է ֆոնդերի նկատմամբ իրենց պարտավորությունները կատարեն, այդտեղից էլ պետք է վերաբաշխումներ կատարվեն: Մենք առաջարկում ենք՝ այս սխեմայի շրջանակներում միանգամից աշխատենք այս երկրների հետ՝ բացառելով շրջանառությունը: 

Երկրորդ շահագրգռվածությունն իրենց այն է, որ եթե անհրաժեշտ լինի ՀՀ տեխնոլոգիաների, ապրանքների, ծառայությունների ներմուծում, ապա իրականացվի այդ երկրներից: Որպես օրինակ դիտարկենք Ռուսաստանի Դաշնությունը. այսօր մենք մեր երկրի ներսում ունենք փայտանյութի լուրջ խնդիր, ինչի հետևանքով էլ ճնշումը մեծ է անտառների վրա: Եթե մեզ հաջողվի այս համակարգի շրջանակներում ՌԴ-ից փայտանյութ ներկրել, ինքնարժեքով կամ ավելի ցածր գնով, նշանակում է, որ մենք էականորեն կթուլացնենք Հայաստանում անտառների նկատմամբ ճնշումը»,- մանրամասնեց նա:

Նախարարը նաև նշեց այն երկրները, որոնց Հայաստանը պարտք է և դիտարկվում են այս ծրագրի շրջանակներում՝ Ճապոնիան է, Գերմանիան, Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում