Մտահոգություն ունեմ, որ մեկ մարզ էլ ենք աղտոտելու. Կարինե Դանիելյան

Մեր /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրուցակիցն է բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ Կարինե Դանիելյանը, ում հետ կխոսենք մայրաքաղաք Երևանի լրջագույն բնապահպանական աղետներից մեկի մասին:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց. վտանգն իսկապե՞ս լուրջ է:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցն իսկապես շատ վտանգավոր է, խոսք չկա: Բոլոր առումներով և հատկապես՝ ստորգետնյա ջրերի աղտոտման: Ակնհայտ է, որ պետք է այդ հարցը լուծել: Հիմա ՄԱԿ-ի աջակցությմաբ ծրագիր է սկսված և համաձայն եմ, որ ծրագիրը վատը չէ ու պետք է անել: Այղտեղ երկու տարբերակ կա. երկրից դուրս բերել և վճարել այն երկրին, որտեղ կան համապատասխան վառարաններ ու այնտեղ այդ վտանգավոր նյութերը ոչնչացվեն կամ գնել վառարան ու տեղում ոչնչացնել: Ես կնախընտրեի, որ գնվեր վառարան ու տեղում ոչնչացվեր, որովհետև այդ խնդիրն անընդհատ բարձրանալու է, այն միայն Նուբարաշենի գերեզմանոցի հետ չի կապված: Ասում են՝ դա ավելի թանկ է, բայց, կարծես թե, այդ ուղղությամբ նաև մտածում են: Այժմյան ծրագիրը, սակայն, հետևյալն է՝ դրանք պետք է տեղափոխվեն Կոտայք, այնտեղ փաթեթավորվեն ու դուրս բերվեն երկրից: Ինձ համար ընդունելի չէ, որ պետք է Կոտայք տեղափոխեն, որովհետև մի մարզ ունենք, որը քիչ թե շատ գոնե հանգստի, ռեկրեացիայի գոտի է, ընդունող մարզ է: Ճիշտ է, շատ գեղեցիկ գրված է ամեն ինչ, բայց ես մտահոգություն ունեմ, որ մեկ մարզ էլ ենք աղտոտելու:

Իսկ Նուբարաշենի աղբավայրի խնդրի մասին ի՞նչ կասեք:

Ցանկացած դեպքում, եթե աղբն այրվում է, դա շատ վնասակար է: Այլ բան է, որ հատուկ սարքավորումներ ունենաս, որոնք այրում են շատ բարձր ջերմաստիճանի տակ, ինչը մենք չունենք: Այժմ նոր աղբավայրի կառուցման ծրագիր կա, որը պետք է համապատասխանի ժամանակակից ստանդարտներին, պետք է նաև վերամշակման գործարան և այն պետք է վերամշակի ոչ միայն նոր աղբը, այլ նաև հին աղբավայրի աղբը: Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի և այդ դեպքում, մենք գոնե որոշ չափով խնդիրը կլուծենք:

Ի՞նչ եք կարծում, ծրագիրը հետևողականորեն կիրականացվի թե՞ հերթական անգամ կմատնվի անուշադրության:

Հույս ունեմ, որ կիրականացվի: Հիմա վերջապես սկսվել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Լսում եմ վարչապետն ասում է այն, ինչ ես տարիներ շարունակ փորձել եմ անցկացնել, չի ստացվել: Ինչպե՞ս ենք ուզում զարգացնել զբոսաշրջությունը, եթե անգամ մեզ համար չենք մաքրում երկիրը: Զբոսաշրջիկներ ենք բերում, որ աղբը ցո՞ւյց տանք: Բոլոր ճանապարհները աղբով ծածկված, տեսարժան վայրերն աղբով ծածկված: Այնքան է եղել, որ ամոթից չեմ իմացել ինչ անեմ: Մի օր հյուրեր եմ ունեցել, տարել եմ տեսարժան վայր, մեկ էլ տեսել են աղբը սկսել են հավաքել: Ուշադրություն դարձրեք, գետերը գարնանը վարարում են, հետո, երբ ջուրն իջնում է՝ ամռանը, տեսնում ենք բոլոր թփերից, ծառերից աղբ է կախված: Աշխարհի կեսը տեսել եմ, որևէ երկրում այդպիսի բան չեմ տեսել: Այնպես որ, հիմա արդեն տեսնում եմ Կառավարության նպատակաուղղված աշխատանք ու ես հույս ունեմ, որ այդ հարցերը կլուծվեն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում