Բնապահպաններն ահազանգում են ՀՀ-ում հնարավոր սելավների և ջրհեղեղի վտանգի մասին
2016-2017 թվականների ձմռան ամիսներին հանրապետության գետավազաններում կուտակված բավական քանակությամբ ձյան պաշարը գարնան ամիսներին ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ու հորդառատ անձրևների պարագայում կարող է ինտենսիվ սելավների ու հեղեղումների պատճառ դառնալ: Այս մասին ահազանգում են բնապահպանները:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով՝ ջրհեղեղի վտանգը այն դեպքում կնվազի, եթե ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը չլինի:
«Մեր քաղաքները, հատկապես Երևանը, անպաշտպան են ձնհալից առաջացող հնարավոր ջրհեղեղից: Տարիներ ի վեր մենք պայքարեցինք, որ Գետառ կենտրոնական հատվածը գոնե չքանդվի, բայց դա մեզ չհաջողվեց: Այդ տարածքը օգտագործեցին ճանապարհներ, ռեստորաններ կառուցելու համար: Գետառը ներուժ ուներ դառնալ հորդառատ գետ, բայց դա հաշվի չառան»,- ասաց Դանիելյանը:
Բացի Երևանից, ըստ բնապահպանի, վտանգված են նաև այլ քաղաքներ, որտեղ լանջերը անտառներից զրկված են: Նա նաև նշում է հնարավոր ջրհեղեղներից հետո Հայաստանում գտնվող 21 պոչամբարների աղետալի հետևանքի մասին:
Ջրաօդերևութաբան Թրահել Վարդանյանն էլ սելավների և ջրհեղեղների հիմնական երեք գործոններ է նշում: Ըստ նրա՝ դրա համար պետք է լինի առատ ձյուն, ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ 8-10 աստիճանի և բարձրացմանը զուգահեռ հորդառատ անձրևներ:
«Բավական քանակությամբ ձյուն կա, երկրորդ և երրորդ պայմանները կանխատեսել անհնար է, բայց հավանական է: Վտանգ կարող է լինել ցանկացած ժամանակ, բայց ինչ-որ ունենք այս պահին, այդքան լուրջ չէ: Իմ կարծիքով՝ պետք է արդեն նախապատրաստվել և ռազմավարական լուրջ ծրագրեր իրականացնել»,- նկատեց նա:
Գետերի ու հեղեղատարների խոցելի տեղամասերի ամրացման նպատակով կառավարությունը առաջնահերթ հակահեղեղային միջոցառումներ է նախաձեռնել, մասնավորապես՝ Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու Արաքս գետի ափի շուրջ 40 կմ երկարությամբ հատվածում, Կապսի ջրամբարում և Բմբուլենց ու Մովրովի հեղեղատարներում:
Tert.am-ի հարցին, թե բավարա՞ր են այս միջոցառումները ջրհեղեղից խուսափելու համար, բնապահպան Կարինե Դանիելյանը պատասխանեց. «Ես ողջունում եմ այդ միջոցառումները, բայց դրանք հատվածային որոշումներ են, իսկ մենք ամբողջ հանրապետություն, հատկապես Երևանում խնդիր ունենք»: