Հովազի առեղծվածը. եղել է արդյո՞ք հովազ Ենոքավանի անտառում

2019թ.-ի նոյեմբեր ամսին լուրեր տարածվեցին, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի մոտակա տարածքում հովազը հարձակվել է մարդու վրա: Այսօր՝ փետրվարի 24-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնի դարձավ, որ տարածքից հավաքված գենետիկ նմուշները չեն պատկանել հովազի: 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից տարածքում տեղադրվել են թակարդ-տեսախցիկներ, որոնք նկարահանել են տարատեսակ կենդանիների, բացի հովազից: 

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը հայտնեց, որ չնայած դաշտային վատ պայմաններին տղաներին հաջողվել է որոշ հետքեր հայտնաբերել, որը նման է եղել հովազի կամ այլ կատվազգի կենդանու: «Տուժողի հագուստից հավաքվել են մազեր և դաշտից էլ հավաքել են կղանք, որը շատ նման է հովազի հետքերի, մենք այդ բոլոր նմուշներն ուղարկել ենք Գերմանիայի հայտնի լաբորատորիաներից մեկը, որն ուսումնասիրում է կենդանիների գենետիկան և վերջերս ստացանք պատասխան, որում ասվում է՝ հագուստի վրայից հավաքված մազերը և այլ նմուշները պատկանում են սովորական լուսանի (Lynx lynx), ոչ թե՝ հովազի: Դա լաբորատոր պատասխանն է և մենք պետք է տեղեկացնենք»:

FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ևս նշեց, որ հովազի նկարահանել չի հաջողվել, սակայն նաև նշեց,որ լիովին բացառել հովազի հարձակումը չի կարելի: «Մենք փորձեցինք նաև գիշատիչ կենդանիների համար գրավիչ մսի օգնությամբ նկարահանել հովազին, սակայն մենք նույնպես նրան չենք նկարահանել»: 

Կարեն Մանվելյանը մանրամասնեց, որ թե՛ հովազը, թե՛ լուսանը շատ հազվադեպ դեպքերում են հարձակվում: Մոտ 20 տարի առաջ Խնձորուտում եղել է դեպք, երբ կրակել են հովազի վրա ու նա հարձակվել է, այլ նմանատիպ դեպք ՀՀ-ում վերջինս չգիտի: 

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը նշեց՝ ի սկզբանե կար կասկած, որ դա իրականում հովազ է եղել, առավել հավանական է, որ եղել է լուսան, բայց ըստ մասնագետի՝ սա լավ նախադեպ է, քանի որ դրա պատճառով սկսեցին ավելի խորն ուսումնասիրել տարածքը: 

Մամիկոն Ղասաբյանը մանրամասնեց. «Հովազը մոտ երկու անգամ լուսանից մեծ է, այնպես որ նրանց դժվար է շփոթել: Եթե հովազը մնացել է այդ քարանձավում, պետք է հետքեր լիներ, մազեր լիներ, կենդանին շարժվո՞ւմ է չէ, անպայման պետք է պատերին հետքեր թողներ, բայց չկային ո՛չ հետքեր, ո՛չ էլ հովազի մազեր: Կատվազգին բացի ատամներից շատ ժամանակ թաթերով է աշխատում: Հատկապես հովազը կարող էր լրիվ ջանը պատառ-պատառ անել, հատկապես, եթե ձեռքը մտցրել է բերանը: Հովազն անտառ չի սիրում, ինքը բաց տեղերով է ման գալիս, չոր տեղերով է ման գալիս ու ընդհանրապես այդ կողմերում հովազի առկայության մասին ոչ գրականության մեջ կա, ոչ էլ ես եմ հանդիպել այդտեղ հովազ: 60-ականներից շուտ է եղել, Դիլիջանի վերևներում եղել է, բայց դա ոչ թե իր ապրելավայրն է, այլ ուղղակի անցնելու ճանապարհն է եղել: Դա իրեն հարմար տեղ չի, այնտեղ ձյունը խորն է, ինքը դա չի սիրում, անտառ չի սիրում»: 

Վերջինս ընդգծեց, որ հովազն այնքան զգույշ է մարդու նկատմամբ: «Հայաստանում քանի՞ հոգի է տեսել հովազ, մարդիկ հատուկ ման են գալիս՝ չեն տեսնում, հովազին տեսնելը պատահականություն է: Ես մի քանի անգամ տեսել եմ, բայց դա լրիվ պատահականություն է եղել: Հովազն առաջինն է զգում մարդուն, միանգամից շրջվում, գնում է, դրա համար հովազին չեն տեսնում, ինքը թողնում գնում է, շատ կամաց է գնում, այնպես է գնում, որ չեն էլ նկատում, որ ինչ-որ կենդանի կա»: 

Ասուլիսին ներկա տուժող՝ 35-ամյա Արման Գաբրիելյանը, շարունակում էր պնդել, որ իր վրա հովազ է հարձակվել: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում