ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ KfW ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է KfW բանկի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում բանկի ներկայացուցիչ Սվեն Գրատսը տեղեկացրել է, որ KfW բանկը հաստատել է Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղված՝ ավտոմատ կառավարման համակարգի ներդրման ծրագրի ֆինանսավորումը:

Ֆինանսավորումն իրականացվելու է Շիրակի և Արարատյան դաշտի մակերևութային և ստորերկրյա ջրատար հորիզոնի համակարգերը կապող ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման ծրագրի շրջանակներում Կապսի ջրամբարից Արարատյան դաշտ ջուր տեղափոխելու համար հնարավորությունների ուսումնասիրության կոնցեպտուալ նախագիծդրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ որպես ծրագրի երրորդ բաղադրիչ: Այս բաղադրիչով նախատեսվում է ավտոմատ կառավարման համակարգեր տեղադրել Արարատյան դաշտում՝ մասնավորապես Արմավիրի տարածաշրջանում առկա ստորերկրյա հորերի մեծ մասի վրա, ինչը թույլ կտա վերահսկելի դարձնել ստորերկրյա ջրային պաշարի օգտագործումը և նվազագույնի հասցնել կորուստներն ու վատնումները:

Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել KfW բանկի ներկայացուցիչներին՝ բնապահպանության ոլորտում իրականացվող բազմակողմանի և արդյունավետ համագործակցության և հաջողված ծրագրերի համար՝ մասնավորապես նշելով. Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների վերականգնումը, պահպանումն ու արդյունավետ օգտագործումը բնապահպանության նախարարության վերջին երկու տարիների գերակա խնդիրներից է եղել: Այս տարածաշրջանում ջրային ռեսուրսների խնայողության ուղղությամբ իրականացվել են համալիր գործողություններ՝ ստորերկրյա խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչպես նաև հաստատվել է Արարատյան ջրավազանային տարածքի կառավարման պլանը: Արդյունքում մենք ստեղծել ենք անհրաժեշտ հիմքերը հետագայում այս պաշարի խելամիտ օգտագործման, իսկ այս ծրագրով նաև ավտոմատ կառավարմամբ ապօրինություններից և գերշահագործումից խուսուափելու ուղղությամբ:

Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը նաև շեշտել է, որ ԵՄ ֆինանսական աջակցությամբ երկու ձկնաբուծական տնտեսությունների հորերի վրա արդեն իսկ տեղադրվել են ավտոմատ կառավարման SCADA համակարգեր, ևս 30-ը նախատեսվում է տեղադրել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ, իսկ KfW բանկի աջակցությունը էապես կնպաստի մոնիթորինգի և վերահսկողության ավտոմատ համակարգի ներդրման գործընթացին միտված մեր նպատակներին:

Ծրագրի ֆինանսավորման մանրամասները, մեկնարկի ժամկետներն ու տեխնիկական առաջադրանքները կքննարկվեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում