Հայաստանում Էկոտուրիզմի առաջին փառատոնը
Հունիսի 4-5-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց էկոտուրիզմի փառատոն, որը կազմակերպվել էր «Ջերմուկի զարգացման կենտրոն» և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների կողմից: Որպես փառատոնի անցկացման վայր ընտրվել էր Վայոց Ձորի մարզը, մասնավորապես՝ Գոմք և Մարտիրոս համայնքները, որի նպատակն էր բարձրացնել բնակավայրի ճանաչելիությունը և ակտիվացնել զբոսաշրջային հոսքը:
Փառատոնի 1-ին օրվա օրակարգը հագեցած էր զանազան միջոցառումներով՝ ձիարշավ, ժայռամագլցում, տեղական արտադրության սննդի ցուցահանդես-վաճառք, ՀՀ Կարմիր գրքի բուսական և կենդանական աշխարհին նվիրված ֆոտոցուցահանդես և այլն: Միևնույն ժամանակ անցկացվեց «Հեծանվային գավաթ», որին մասնակցում էին և՛ մեծահասակները, և՛ երեխաները, ընդ որում, վերջիններս իրենց ոգևորությամբ չէին զիջում մեծահասակներին:
Փառատոնի 1-ին օրը եզրափակվեց մասնակիցների յուրահատուկ քայլերթով՝ 125մ երկարությամբ հայկական դրոշի ուղեկցությամբ: Փառատոնի 2-րդ օրը մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցելու թռչնադիտարկման և բացահայտելու Մարտիրոս համայնքի տեսարժան վայրերը:
