Փոխնախարարը մասնակցել է ԵԱՀԿ «Բնապահպանական մարտահրավերների և անվտանգության շուրջ իրազեկման բարձրացում» խորագրով նիստին

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը ս.թ. հոկտեմբերի 16-ից 18-ը մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական հարթության իրացման հանդիպման «Բնապահպանական մարտահրավերների և անվտանգության շուրջ իրազեկման բարձրացում» խորագրով երրորդ նիստին:

Լիագումար նիստում ունեցած իր ելույթում Է. Գրիգորյանը նշելով, որ լավագույն տնտեսական որոշումները ընդունվում են այն ժամանակ, երբ հաշվի են առնված բնապահպանական բաղադրիչները, իսկ բնապահպանական գործողությունները առավել արդյունավետ են և իրագործելի, երբ համադրված են սոցիալական և տնտեսական իրականության հետ, և ներկայացրել բնապահպանության ոլորտում Հայաստանի վարած քաղաքականության հիմնական սկզբունքները և իրականացվող քայլերը:
Բնապահպանական քաղաքականության և օրենսդրության կատարելագործման ոլորտում, ըստ փոխնախարարի, ՀՀ ԲՆ կողմից նախաձեռնվել են փոփոխություններ հանքարդյունաբերության, փոքր հիդրոէլեկտրոկայանների, բնապահպանական մոնիթորինգի, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, բնապահպանական վճարների ոլորտներում, որոնք ուղղված են շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունների նվազեցմանը, բնապահպանական օրենսդրության և ինստիտուցիոնալ մարմինների կատարելագործմանը, ժամանակակից կառավարման մեխանիզմների ներդրմանը և բնապահպանական թույլտվությունների և լիցենզիաների գործընթացների հստակեցմանը։

Տեղեկացվել է նաև ոլորտի պատասխանատու գերատեսչության կողմից ժամանակակից կառավարման մեթոդների, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ, ինչպես նաև հանրության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ կատարվող քայլերի մասին:

Ասվածի համատեքստում շեշտվել է որոշումների ընդունման գործընթացում հասարակության ներգրավվածության բարձրացման փաստը, ինչին նպաստում է Հայաստանում ներկայում մշակվող բոլոր օրենսդրական փաթեթների տեղադրումը օնլայն հարթակում գործող e-draft.am կայքում, որտեղ բոլորը հնարավորություն ունեն կարծիքներ արտահայտել, դրական կամ բացասական գնահատել նախագիծը, իսկ կարծիքները պարտադիր պետք է պարզաբանվեն նախագիծը մշակողների կողմից։
«Կարևորում եմ Հայաստանի EITI միացման գործընթացը։ 2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդի կողմից հաստատվեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց EITI թեկնածուի կարգավիճակ, այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը դարձավ 52-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը: EITI գործընթացը կարևոր է մասնավորապես նրանով, որ ստեղծում է մի պլատֆորմ, որտեղ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և մասնավոր սեկտորը ոչ միայն համագործակցում են, այլ որոշումներ են ընդունում կոնսենսուսային սկզբունքով։ Համագործակցությունը կարևոր է ոչ միայն ազգային, այլ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում»-, նշել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալը։

Նկատելով, որ բնապահպանական հարցերը շաղկապված են մարդկանց կյանքի որակի, սոցիալական և տնտեսական իրականությունների հետ` է. Գրիգորյանը առաջարկել է ընդունել, որ աղքատությունը հանդիսանում է բնապահպանական ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը և ընդգծել, որ աղքատության նվազեցումը էական ազդեցություն կարող է ունենալ բնապահպանական խնդիրների լուծման գործում։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում