Բնապահպանության նախարարի նոր առաջին տեղակալ է նշանակվել

Այսօր՝ հունիսի 13-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել: Վարչապետի որոշումներից մեկով Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «ԻՐԻՆԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իրինա Ղափլանյանին նշանակել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ»։

Նշենք, որ Իրինա Ղափլանյանը ծնվել է 1983 թվականին Երևանում: 1989 թ. ընդունվել և ավարտել է Ա.Պ. Չեխովի անվան համար 55 միջնակարգ դպրոցը: 2004 թ-ին գերազանցությամբ ավարտել է Մալթայի hամալսարանը` ստանալով միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան: 2005 թ-ին Վեսթմինսթր համալսարանը նրան Միջազգային կրթաթոշակ է շնորհել: Վերջինս գերազանցությամբ ավարտել է Վեսթմինսթր համալսարանի Լոնդոնի դիվանագիտական ակադեմիան՝ ստանալով մագիստրոսի կոչում:

Ավարտելուց հետո աշխատել է ՄԱԿ-ի գրասենյակում և Եվրասիա հիմնադրամում, ինչպես նաև աշխարհի տարբեր հետազոտական ինստիտուտներում, այդ թվում՝ Լոնդոնի Չաթամ Հաուսում (Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ), Գերմանիայի արտաքին գործերի խորհրդում (Բեռլին), Վաշինգտոնի Հադսոն ինստիտուտում, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում (Երևան), Նորվեգիայի ատլանտյան խորհրդում (Օսլո) և Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբում (Երևան ու Վաշինգտոն):

2008 թ-ից աշխատում է Ջորջթաուն համալսարանի ISIS կենտրոնում` որպես գիտահետազոտող-վերլուծաբան: 2009-ին ընդունվել է Քեմբրիջի համալսարանի Քաղաքականության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ` որպես ասպիրանտ: Թեզի թեման Հայաստանի արտաքին քաղաքականությունն է: 3 ամիս դասավանդել է «Միջազգային անվտանգություն» և «Բանավեճ ու քննարկում» առարկաները Հարավային Կորեայի Կեուկտոնգ համալսարանում: 

Իրինա Ղափլանյանն ամուսնու՝ Դեյվիդ Բեքքեթի հետ Հայաստանում հիմնել է էկոլոգիապես մաքուր սնունդ առաջարկող Green Bean («Կանաչ հատիկ») սրճարանը: Վերջինս նաև ստեղծել է «Զաբել» գինու բրենդը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում