Թաիլանդի «Վագրի մենաստանում» եւս 30 մեռած վագր են հայտնաբերել
30 մեռած վագրի մարմին է հայտնաբերվել սկանդալայնորեն հայտնի «Վագրի մենաստանում», որը գտնվում է Թաիլանդի արեւմուտքում գտնվող Կանչանաբուրիի նահանգում, որտեղ մի քանի օր առաջ Կարմիր գրքի մեջ մտցված այդ կենդանիների 40 մեռած ձագ էր հայտնաբերվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Bangkok Post թերթը հայտնում է, որ թագավորության Ազգային պարկերի եւ վայրի բնության պաշտպանության դեպարտամենտի սարսափելի հայտնագործությունն արվել է մենաստանի տարածքում, որտեղից դեպարտամենտի ներկայացուցիչներն այս շաբաթ իրականացնում են նախկինում այստեղ պահված բենգալյան 137 վագրի տարհանումը: «Վագրերի մարմինները պահվում էին ապակե մեծ տարաներում: Դրանց վրայի գրություններից դատելով, նրանց մեծամասնությունը մահացել է, երբ ընդամենը մի քանի օրական է եղել», - լրագրողներին ասել է դեպարտամենտի պետի տեղակալ Ադիսորն Նուչդամրոնգը:
Նրա խոսքով, դեպարտամենտի մասնագետները նաեւ բենգալյան հասուն վագրի երկու մորթի են հայտնաբերել, ինչպես նաեւ հազար հմայիլ, որոնք պատրաստվել են այդ վայրի կենդանիների մարմնի տարբեր մասերից: «Մենք վագրի մորթի եւ հմայիլներ ենք հայտնաբերել մեքենայում, որով մենաստանի աշխատակիցներից մեկը փորձել է դրանք դուրս բերել տարածքից», - պատմել է Ադիսորն Նուչդամրոնգը: Նա նշել է, որ իր աշխատակիցները, ոստիկանության սպաների ուղեկցությամբ, շարունակում են մենաստանից վագրերի տարհանումը, որը դատարանի որոշմամբ սկսվել է չորս օր առաջ: Արդեն դուրս է բերվել այստեղ ապրած ավելի քան 80 վայրի կատու:
Այս թեմայով




