Հայաստանում առյուծները «կորում են», ինչպես ասեղը՝ դեզի մեջ․․․ (տեսանյութ)
![](https://econews.am/disk/21-05-20/585a205302a5a3c5f3d99c81abfedb5e.jpg)
Անցել է շուրջ մեկ տարի, ինչ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում փողոցում ազատ զբոսնող առյուծի ձագի մասին։ Այսօր՝ 2020թ․-ի գարնանը, սոցիալական ցանցերում դեռ շարունակվում են բեռնվել քաղաքում զբոսնող առյուծի մասնակցությամբ տեսանյութեր, սակայն կենդանին այդպես էլ չգտնվեց։
Հիշեցնենք, որ 2019թ․-ի հունիս ամսին հնչեցված ահազանգից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները նշված տարածքում չեն հայտնաբերել առյուծին։ Ոստիկանությունը ևս նշված տարածքում առյուծին չի հայտնաբերել, ինչը բնական է համացանցում և ԶԼՄ կողմից բարձրացված աղմուկից հետո, սակայն, ո՛չ ՀՀ ոստիկանությանը, ո՛չ ԲԸՏՄ չի հետաքրքրել, թե ի վերջո որտե՞ղ է կենդանին, ավելին ԲԸՏՄ շտապել է կարճել հարուցված վարչական վարույթը:
Այս ընթացքում, առավել պարզ դարձավ, որ կենդանին, հավանաբար, «պատկանում է» «Կերամա Մարացցի» («Լիա կաֆ» ՍՊԸ) համասեփականատեր Անդրանիկ Գասպարյանին։ Այս տեղեկատվությունն այսպես էլ պարզել չկարողացավ ՀՀ ոստիկանությունը։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում ազատորեն զբոսնող առյուծի ձագի մասնակցությամբ տեսանյութ համացանցում հայտնվել է նաև բոլորովին վերջերս։ Տեսանյութը հավանաբար նկարահանվել է դեռ նախորդ տարի, քանի որ կենդանին մեկ տարվա ընթացքում բավարար մեծացել է։
Արդյո՞ք կենդանին դեռ ողջ է, գտնվում է Հայաստանում կամ չի դարձել ինչ-որ մեկի զվարճանքի զոհը․ այս մասին տեղեկություններն ամբողջությամբ բացակայում են, քանի որ բացակայում է պատշաճ վերահսկողությունը ոլորտի նկատմամբ։
Առհասարակ, ՀՀ-ում իրավիճակն իսկապես յուրահատուկ է։ Ստացվում է, որ առյուծը՝ խոշոր գիշատիչ կենդանին, ասեղ է, որը կորել է խոտի դեզի մեջ և ոչ մի կերպ չի գտնվում։
Նշենք, որ «Կերամա Մարացցի» համասեփականատեր Անդրանիկ Գասպարյանի մասնակցությամբ խոշտանգման գործի մանրամասներ են հայտնի դարձել։ Երևանի բնակիչ Բյուրական Բաղդասարյանը, որը 2012-ից 2017 թվականներին աշխատել է մայրաքաղաքում գործող «Կերամա Մարացցի» խանութում որպես գլխավոր գանձապահ, պնդում է՝ խանութի սեփականատերն ու աշխատակիցը գումար պահանջելով իրեն խոշտանգել են։ Հարուցվել է քրեական գործ 4 հոդվածներով։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ուսումնասիրությունները վկայում են, որ ՀՀ-ը, հավանաբար, որդեգրել է արաբական կամ աֆրիկյան որոշ պետությունների «զարգացման ուղին», իսկ հայաստանյան օլիգարխիկ մշակույթի կրողներն աստիճանաբար նմանվում են արաբ շեյխերի, որոնց հիմնական նախասիրությունը խոշոր կատվազգիներին ճաղերի հետևում բանտարկելն է։ Ռեստորաններում և զվարճանքի կենտրոններում բանտարկված արջերի մշակույթին փոխարինելու են գալիս տարբեր օլիգարխների մասնավոր տարածքներում բանտարկված առյուծներն ու վագրերը։ Շուտով, ՀՀ կառավարությունը և հասարակությունը կանգնելու են նոր՝ առավել խրթին, խնդրի առջև։
Մանրամասները՝ շուտով։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/07-11-22/bad84e7ba842c1a8651a51e527e27c34.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-10-22/42b7737ae395b2f30fda70a4912287ba.jpg&w=300&h=200)