3000 քմ ազբոշիֆեր, 700 քմ թիթեղ. Արագածոտնում հաշվարկել են ուժեղ քամու հասցրած վնասները

Արագածոտնի մարզ Ավան գյուղում արդեն հաշվել են մայիսի 23-ի ուժեղ քամու հասցրած վնասների չափը: Ավանի գյուղապետ Գևորգ Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն ակտեր են կազմել, որոնք կներկայացնեն մարզպետարան:

«3000 քմ ազբոշիֆերի, 700 քմ թիթեղի, 10 կուբամետր փայտի վնաս ենք կրել, ակտերը բոլորը կազմել ենք, որ ներակայացնենք մարզպետարան»,- ասաց գյուղապետը:

Կոտայքի մարզի Քաղսի գյուղի ղեկավար Սահակ Ալեքսանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վնաս է կրել մոտ 15 տուն, վերջնական վնասի չափը կորոշի հանձնաժողովն այսօր:

Ուժեղ քամուց վնասվել են նաեւ Արմավիրի մարզի Մուսալեռի գյուղի մեկ տասնյակ տների տանիքներ:

«Մարզպետարանից հանձնարարություն կա, որ հանձնաժողով ստեղծենք, արձանագրենք վնասները: Բացի տանիքներից մեզ մոտ վնասվել են նաեւ ջերմատների, ջերմոցների պոլիէթիլենային թաղանթները»,- ասաց նա:

Գյուղապետը նշեց նաեւ, որ ուժեղ քամուց պոկված տանիքի թիթեղը ընկել է գյուղացիներից մեկի վրա, նա դիմել է բուժօգնության:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ուժեղ քամին ավերածություններ էր առաջացրել Երեւանում եւ հարակից մարզերում: Ընդհանուր առմամբ, ըստ ԱԻՆ տվյալների, գրանցվել է 446 դեպք, որից 379-ը՝ Երեւանում, 67-ը՝ մարզերում:

 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում