Ազատ գետից նախատեսված ծավալի ջուր վերցնելն անհնար է. բնապահպան

Վերջին ամիսներին ակտիվորեն քննարկվում է Ազատ գետի ջրամբարից 27-28 կիլոմետրանոց խողովակաշարով դեպի Արարատի մարզի մի շարք գյուղեր ոռոգման նպատակով ուղղելու հարցը:

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախագծված «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» անվանմամբ ծրագրի նպատակը Գառնի համայնքի տարածքում, Ազատ գետից մոտ 28 կիլոմետր երկարության խողովակաշարով ջուրը Քաղցրաշենի պոմպակայանի ավազան տեղափոխելն է, որպեսզի Արարատի մարզի 12 համայնքների հողատարածքների ոռոգումը կատարվի ոչ թե պոմպակայանով, այլ ինքնահոս եղանակով:

Գառնիի բնակիչներն, ովքեր դժգոհ լինելով ծրագրից, բազմիցս բոյկոտել են այդ հարցով քննարկումները, ներկայացրել են սեփական առաջարկները, որոնց համաձայն՝ կարելի է վերանորոգել Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի պոմպակայանը, կից կառուցել արևային էլեկտրակայան, որով կկարողանան աշխատեցնել պոմպակայանը:

Բնապահպան Լևոն Գալստյանը կարծում է, որ Ազատ գետից նախատեսված ծավալի ջուր վերցնելն անհնար է, քանի որ գետում այդքան ջուր չկա։ Օրենքով սահմանված 850 լ/վրկ բնապահպանական թողքը պահպանելու դեպքում, ծրագրով ամռան ամիսների համար պահանջված մինչև 970 լ/վրկ ջրի քանակություն ուղղակի չի մնա գետում, որպեսզի ինքնահոս եղնակով ոռոգման ջուր տրվի Արարատի մարզի 12 գյուղերին::

Լևոն Գալստյանի խոսքով՝ ծրագիրը նախագծվել է դեռևս 5-6 տարի առաջ: Այն ժամանակ բնակիչները տեղյակ չէին, թե նման ծրագիր է նախատեսվում, որպեսզի կարողանան ներկայացնել իրենց առաջարկները:

«Արդեն ծախսեր են արվել, նախագիծ է կազմվել, նախահաշիվ արվել: Ես համոզված եմ, որ Գառնեցիների առաջարկն իրականացնել հնարավոր է և լավ էլ կաշխատի: Իմ դիտարկումներով՝ հաշվի առնելով վերջին տարիներին ջրային պաշարների նվազման միտումները և այդ նվազման շարունակությունը, կարող եմ ասել, որ հնարավոր չէ նախատեսված քանակությամբ ջուր վերցնել: Մենք շատ լուրջ կասկածներ ունենք, թե նրանց չափումները համապատասխանում են իրականությանը: Անցած տարի ես իմ աչքով տեսա, որ Գողթ գետը գրեթե չոր էր և Ազատ գետ գրեթե ջուր չէր թափվում այդ վտակից»,- ասաց նա:

Բնապահպանի պնդմամբ՝ պաշտոնյաները գետը դիտարկում են միայն որպես ջուր, որը կարելի է օգտագործել:

«Նրանց հետաքրքրում է միայն գետի ջուրը: Երբ իրենց ասում ենք, որ գետում ձուկ էլ կա, ասում են՝ ի՞նչ ես խոսում»:

Բացի բնապահպանական խնդիրներից, Լևոն Գալստյանի խոսքով՝ այստեղ կա նաև սոցիալական խնդիր:

«Ինչպե՞ս եղավ, որ Նարեկ գյուղը պետք է ոռոգվի Ազատ գետի ջրերով, իսկ Գառնեցին, որ կողքն է, չպիտի օգտվի այդ ջրից: Նարեկ համայնքը 640 հա ոռոգման ենթակա հողատարածք ունի: Նարեկ համայնքը ունի 800-900 բնակիչ, իսկ Գառնին՝ 6000-7000 բնակիչ: Համաշխարհային բանկը հարցի սոցիալական ասպեկտներին չի՞ նայում»,- նկատեց նա:

Լևոն Գալստյանի կարծիքով՝ խնդիրը նաև նրանում է, որ ծրագրով նախատեսված ոռոգման ենթակա տարածքներում "պաշտոնյաներից մեկը խոշոր հողատարածքներ ունի, իսկ Գառնիի բնակիչները միշտ աչքի են ընկել ընդդիմադիր կեցվածքով:

«Համաշխարհային բանկը թող գնա և մտածի, որովհետև այս երկրում շուտով ամեն ինչ փոխվելու է, և ես հուսով եմ՝ մեր հաջորդ ղեկավարները կհրաժարվեն այդ վարկերը մարելուց»,- եզրափակեց բնապահպանը:

Նշենք նաև, որ Համաշխարհային բանկը ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությանը տրամադրել է 10 մլն ԱՄՆ դոլար վարկ:

 

Նյութի աղբյուրը՝ armtimes.com։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում