«Վալլեքս» խումբը ֆինանսական խնդիրներ ունի

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս այցելել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր, եղել արտադրամասերում, ծանոթացել այն շահագործող «Վալլեքս» խմբի կողմից իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքներին:

Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ հանքավայրի շահագործման առաջին փուլի մեկնարկն ապահովելու համար իրականացվել է ավելի քան 350 մլն դոլարի ներդրում, տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։ 2014 թ. դեկտեմբերից 2016-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում ընկերությունն արդյունահանել և վերամշակել է շուրջ 8,8 մլն տոննա հանքաքար, արտադրել է 141 հազար տոննա պղնձի խտանյութ՝ պղնձի 27,89 տոկոս պարունակությամբ.

«Այս տարի արդեն իսկ ընկերությունը տվել է 16 մլրդ դրամի արտադրություն: Ընկերությունը պղնձի խտանյութի միջազգային գների անկման պատճառով ունի ֆինանսական խնդիրներ. կառավարությունը պատրաստակամ է, կա նաև հանրապետության Նախագահի հանձնարարականը՝ քննարկել և աջակցել այս հզոր ընկերությանը, որն ունի մեծ հեռանկար: Կարևորելով հանքարդյունաբերության զարգացումը՝ մենք մեր աջակցությունն ենք հայտնել նաև մյուս ընկերություններին, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Ներկայում ընկերությունն ունի շուրջ 1200 աշխատող՝ հիմնականում հարակից Թեղուտ, Շնող և Լոռու մարզի այլ համայնքներից: 2016-ի մարտ ամսվա դրությամբ ընկերության աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 352 հազար դրամ: 2015-ի ընթացքում ընկերության վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 2,5 մլրդ դրամ, իսկ 2016-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում այն արդեն իսկ հասել է 4,55 մլրդ դրամի:
Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ այս տարվա առաջին եռամսայակում ընկերությունն արձանագրել է արտադրության 57 տոկոսի աճ: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ աճը կարտացոլվի ողջ տարվա ընթացքում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում