Հանրային պահանջի արշավ. օգնություն՝ «Նահատակ» պոչամբարի կողքին ապրող Դանիելյանների ընտանիքի

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «SOS Մեծ Այրում» շարժման անդամները 2020 թվականի փետրվարի 25-ին նախաձեռնում են հանրային պահանջի արշավ դեպի ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղ, ի աջակցություն և պաշտպանություն Դանիելյանների ընտանիքի փոխհատուցման տրամադրման պահանջի:

Հարություն Դանիելյանը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղից տեղահանված ընտանիքի զավակ է։ Ընտանիք կազմելով՝ Հարություն Դանիելյանը 2007 թվականին ձեռք է բերել տուն Մեծ Այրում գյուղում «Նահատակ» պոչամբարի հարևանությամբ՝ աշխատելով այդ տարիներին որպես պայմանագրային զինվորական։ Տուն գնելիս Հարություն Դանիելյանը տեղյակ չի եղել պոչամբարի՝ առողջության և գյուղատնտեսության համար բարձր ռիսկերի մասին և դրա հետագա վերաշահագործման մասին: Տունը գնելուց հետո «Ախթալայի ԼՀԿ»-ն սկսել է պոչամբարի վերաշահագործումը, որը լցվելով նորանոր դժվարություններ է առաջացրել Մեծ Այրում գյուղի բնակիչների համար։

Պոչամբարի շահագործմանը զուգահեռ սկսվեցին Դանիելյանի ընտանիքի խնդիրները: «Նահատակ» պոչամբարն այնքան է բարձրացել իր ծավալներով, որ հավասարվել է բնակելի տների մակարդակին։

Հարություն Դանիելյանի տունը գտնվում է պոչամբարի տարածքից 50 մետր հեռավորության վրա: Այդ տարածքում ապրելը Դանիելյանների համար դարձել է անհնար։
Ըստ Հարությունի՝ առողջական խնդիրները տարիներ շարունակ ուղեկցում են ընտանիքի բոլոր անդամներին՝ գլխացավեր, ալերգիկ դրսևորումներ, սիրտ-անոթային հիվանդություններ, աղիքային հիվանդություններ, աճի հետ կապված խնդիրներ և այլն, որի մի մասի պարագայում բժիշկները նշում են օդի և ջրի աղտոտման հետ հնարավոր կապը։

Դանիելյաններն իրենց առողջական խնդիրները կապում են շրջակա միջավայրի աղտոտման և իրենց բնակատեղիի պոչամբարի ափամերձ տարածքում լինելու հանգամանքի հետ։

Դանիելյանների սոցիալ-տնտեսական առկա վիճակը թույլ չի տալիս զբաղվել ընտանքի անդամների առողջական խնդիրներով։

Ընտանիքի սոցիալ-տնտեսական իրավիճակը

Ընտանիքը գտնվում է սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակում, նպաստառու է, չեն աշխատում։ Հարություն Դանիելյանի հայրը երկրորդ կարգի հաշմանդամ է։

Տնամերձ հողամասը պիտանի չէ գյուղատնտեսական վերամշակման համար ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով աղտոտման պատճառով։

2018-2019 թվականներին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի և քիմիական անվտանգության հարցերով զբաղվող չեխական «ԱՐՆԻԿԱ» կազմակերպության համագործակցությամբ իրականացվել են հետազոտություններ, որոնք հիմնավորում են Մեծ Այրումում , Ախթալա համայնքի և Ալավերդի համայնքի մի շարք բնակավայրերում հանքարդյունաբերական աղտոտիչների առկայությունը և դրանց տարածումը հողերում, միրգ-բանջարեղենում և մարդու օրգանիզմում։

Նմուշառումներ են վերցվել նաև Դանիելյանների տնամերձ հողամասից և ընտանիքի անդամներից։ Վերցված հողի, միրգ-բանջարեղենի նմուշառումները ցույց են տվել տարածաշրջանում ծանր մետաղների բարձր կոնցետրացիաներ, որոնք գերազանցում են ազգային և միջազգային ստանդարտները բազմաթիվ անգամներ, մասնավորապես մեծ է մկնդեղի, կադմիումի և պղնձի քանակները։

Ըստ չեխ բժիշկների՝ նմուշառման բոլոր կետերում, այդ թվում Դանիելյանների հողատարածքում իրականացված նմուշառումները ցույց են տալիս այդ տարածքներում կոնցեգերոգեն և ոչ կոնցերոգեն հիվանդությունների բարձր ռիսկեր։

Դանիելյանների ընտանիքը պահանջում է՝

1. Ստանալ փոխհատուցում բնակության և մշակման նպատակով ոչ պիտանի դարձած բնակարանի և տնամերձ հողամասի դիմաց, որպեսզի կարողանա այլ վայրում գնել բնակարան և տեղափոխվել աղտոտված տարածքից։

2. Անցկացնել ընտանիքի անդամների առողջության գնահատում և խորքային բուժզննում։ Հիվանդությունների առկայության պարագայում ապահովել ընտանիքի անդամների անվճար լիարժեք բուժումը։

3. Ստանալ փոխհատուցում առողջությանը պատճառված վնասների համար։

ԿՈՉ

Կոչ ենք անում բոլորին միանալ այս արշավին և աջակցել Դանիելյաններին իրավունքների պաշտպանության հարցում: Դանիելյաններին աջակցության հանրային արշավը կմեկնարկի փետրվարի 25-ին Դանիելյանների տան մոտից, իանալ արշավին և աջակցել Դանիելյաններին իրենց պահանջների ներկայացմանը, պահանջների ձևակերպմանը և բարձրաձայնմանը:

Հանրային պահանջի արշավի հաջորդ օրը՝ փետրվարի 26-ին, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ ՀԿ-ի գրասենյակում՝ ք. Ալավերդի, Սայաթ-Նովա 14/35 հասցեում, տեղի կունենա Հանրային բնապահպանական դատավարություն, որի ընթացքում կքննվի ««Նահատակ» պոչամբարի վնասակար ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա»։

 

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, «SOS Մեծ Այրում» շարժում

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում