Վնասված և խեղված կենդանիներ՝ «Հրաշք այգի» ռեստորանում (տեսանյութ)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, ինչպես նաև կենդանիների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններ ու անհատներ շարունակում են դեմ արտահայտվել մասնավոր տարածքներում անազատ պայմաններում վայրի կենդանիների պահմանը՝ առաջին հերթին ՀՀ-ում կարգավորող իրավական նորմերի թերիության և պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով:  

Օրերս EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգի տեսքով ստացել է վերոնշյալի հերթական ապացույցը: Կրկին անգամ անդրադառնում ենք «Հրաշք այգի» ռեստորանի տարածքում պահվող բազմաթիվ վայրի կենդանիների խնդրին: Ահազանգող քաղաքացու կողմից նկարահանված տեսանյութում երևում է վնասված դնչով գորշ արջի առանձնյակը, որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում: 

Բացի այն, որ ռեստորանում վայրի կենդանիների առկայությունն ինքնին անթույլատրելի է, կենդանիները տառապում են իրենց բնական միջավայրին խորթ պայմաններում գտնվելու, բարձր երաժշտության և մի շարք այլ անբնական երևույթների հետևանքով, կենդանիներից մեկն ունի ակնհայտ արտաքին վնասվածք, որմասին հայտնի է դարձել միայն հասարակական վերահսկողության, քաղաքացիների մտահոգության արդյունքում, այլ ոչ թե՝ պետական խիստ վերահսկողության: 

Ընդգծենք, որ ՀՀ տարածքում մասնավոր տարածքներում անազատ պայմաններում բոլոր կենդանիները պահվում են ապօրինաբար՝ առանց լիազոր մարմնի կողմից տրամադրված անհրաժեշտ թույլտվության

Ընդգծենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդվածներից մի քանիսն անգամ լիովին բավարար են ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների խնդիրը լուծելու համար: Այն, որ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում Կառավարության կամքի և բավարար միջոցների բացակայության հետևանք է: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտորեն անտեսվում են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի դրույթները, իսկ ՀՀ ոստիկանության աշխատակիցները հաճախ չեն տիրապետում մասնագիտական տեղեկատվության և իրավական նորմերին: 

Տարբեր աղբյուրներից ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նշված ռեստորանում պահվում են գորշ արջեր, վագրեր, առյուծներ, կապիկներ, բեզոարյան այծեր, գայլեր, գիշատիչ թռչուններ, կատվազգիներ և այլն: Այս մասին պետական պաշտոնական տեղեկատվություն առկա չէ: 

Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեսգիստրի՝ «Հրաշք այգի» ռեստորանի ղեկավարը և «Հրաշք-այգի» ՍՊԸ հիմնադիրը Արմեն Գրիգորի Գևորգյանն է: Արմեն Գևորգյանի հայրը՝ Գրիգոր Գևորգյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդն է, որն ակտիվ մասնակցություն է ունեցել նախկին վարչապետի կասկածելի գործարքներում: Վերջերս մամուլի հրապարակումից հայտնի է դարձել, որ Հովիկ Աբրահամյանը տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում գործարքներ է իրականացրել նաև վարորդի՝ Մխչյան գյուղի բնակիչ Գրիգոր Գևորգյանի անունով: Բացի այդ, 2018թ.-ի օգոստոս ամսին ԱԱԾ կողմից իրականացված գործողությունների արդյունքում Գրիգոր Գևորգյանի եղբոր տարածքում մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել:

Ըստ էության, նախկին իշխանությունների «արտոնյալ» ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանը նաև «արտոնյալ» վարորդ է ունեցել, իսկ վարորդն էլ՝ «արտոնյալ» որդի, որը ցանկացել է սեփական ռեստորանի տարածքում «մասնավոր կենդանաբանական այգի» ունենալ:

Միակն հարցը, որն անպատասխան է մնում՝ արդյո՞ք նշված ընտանիքի «արտոնյալ» կարգավիճակը պահպանվում է նաև այսօր...

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ը սահմանում է. «Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման»: 

 

Այսինքն, անհրաժեշտ է լիազորված մարմնի /Շրջակա միջավայրի նախարարություն/ թույլտվություն: Ավելի վաղ ՇՄՆ-ը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է՝ «Նախարարությունն անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու դիմումներ չի ստացել»: Ելնելով վերոգրյալից փաստենք՝ ՀՀ բոլոր մասնավոր տարածքներում վայրի կենդանիներն անազատ պայմաններում ապօրինաբար են պահվում: 

Այնուհետև «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու կարգը.

1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Փախուստը բացառելու և մշտական վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալված օղակավորվում են»։

Նշված պարագայում խախտված են կենդանու կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառված չէ պահելու վայրից կենդանիների փախուստը:

Հոդված 27․2-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը.

1. Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»։

Նշված դեպքում հանրային զվարճանքի կենտրոնում վայրի կենդանիներ պահելու նպատակը չի կարող համապատասխանել օրենքով սահմանված նպատակներից և ոչ մեկին։

ՀՀ-ում ոլորտը կարգավորող իրավական նորմերի թերիության և պատշաճ վերահսկողության բացակայության հետևանքով հստակ չէ նաև նշված ռեստորանային համալիրում պահվող վայրի կենդանիների ծագումնաբանությունը, այսինքն՝ թե որտեղից են կենդանիների առանձնյակները հայտնվել այդ տարածքում, հայտնի չէ նաև, թե ընդհանուր առմամբ ի՞նչ տեսակներիի և քանի՞ առանձնյակ է պահվում նշված համալիրում, ո՞վ է զբաղվում կենդանիների խնամքով և այլն, հետևաբար պետական մարմիններին և հանրությանը հայտնի չի լինի նաև, եթե կենդանիների թիվն ավելանա կամ պակասի: 

Կրկին իրավական նորմերի բացակայության հետևանքով ՀՀ-ում չեն կարգավորվում նաև կենդանիների առք ու վաճառքի գործարքները: 2018թ.-ի նոյեմբեր ամսին հայտնել ենք Արտաշատում պահվող Սիբիրից բերված հսկայական արջի առանձնյակի մասին, որի «սեփականատերը» մեզ հայտնել է, թե վերջինիս ձագերին «տվել է» «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի սեփականատիրոջը: Այս օրինակը պարզ ցուցադրում է, թե ինչպես են վայրի կենդանիները հայտնվում այս կամ այն ռեստորանում, զվարճանքի օբյեկտում կամ ինչ-որ մեկի մասնավոր տարածքում: Բացի այդ, չի բացառվում նաև կենդանիներին անմիջապես բնությունից «գողանալու» հավանականությունը: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում