Հանքարդյունաբերության չարաշահումը Սյունիքում քաղցկեղածին բնույթ է կրում

Քաղցկեղը մոտ 100 տարբեր հիվանդությունների ընդհանուր անվանումն է: Չնայած գոյություն ունեն քաղցկեղի բազմաթիվ տարատեսակներ, բոլոր քաղցկեղներն առաջանում են, երբ ոչ նորմալ բջիջները սկսում են անկանոն բազմանալ: Չբուժվելու դեպքում քաղցկեղը կարող է առաջացնել ծանր բարդություններ և մահվան պատճառ հանդիսանալ:

Քաղցկեղն առաջանում է, երբ օրգանիզմի որևէ հատվածում բջիջները սկսում են անկանոն բազմանալ: Քաղցկեղային բջիջների աճը տարբերվում է նորմալ բջիջների աճից: Քաղցկեղի բջիջները՝ մահանալու փոխարեն, շարունակում են աճել և առաջացնել նոր՝ ոչ նորմալ բջիջներ: Քաղցկեղային բջիջները կարող են նաև ներխուժել այլ հյուսվածքներ և աճել նրանց մեջ, ինչը նորմալ բջիջները չեն կարող անել: Այս երկու հիմնական հատկանիշներն են, այն է՝ անկանոն աճը և ներխուժումը դեպի օրգանիզմի այլ հյուսվածքներ, որ բնորոշ են քաղցկեղի բջիջներին:

Հիմնականում քաղցկեղային բջիջները ձևավորում են ուռուցք և ժամանակի ընթացքում ուռուցքը կարող է փոխարինել նորմալ հյուսվածքին, ներխուժել նրա մեջ, կամ հրել նորմալ հյուվածքին մի կողմ: Քաղցկեղի որոշ տեսակներ, որոնցից է օրինակ լեյկեմիան, հազվադեպ են ձևավորում ուռուցքներ: Փոխարենը, այս քաղցկեղային բջիջները ներառում են արյունը և արյուն առաջացնող օրգանները և պտտվում են այլ հյուսվածքների մեջ, որտեղ աճում են:

Տարբեր տեսակի քաղցկեղներ կարող են ունենալ ամբողջովին տարբեր պատկեր: Օրինակ՝ թոքի և մաշկի քաղցկեղները լրիվ տարբեր հիվանդություններ են: Նրանք ունեն աճի տարբեր տեմպեր և տարբեր ձևի են պատասխանում բուժման տարբեր տեսակների: Սա է պատճառը, որ քաղցկեղով հիվադներին անհրաժեշտ է ստանալ բուժում հենց իրենց քաղցկեղի տեսակի համար նախատեսված:

Անկախ տեսակից և առանձնահատկություններից քաղցկեղը բավականին լուրջ հիվանդություն է, որի պատճառով ամբողջ աշխարհում տարեկան միայն 250 000 երեխա հիվանդանում է առաջնային չարորակ ուռուցքով և 90 000 երեխա տարեկան մահանում է քաղցկեղից (Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրություն):

Գլխավոր հարցերից մեկը, որն այժմ հուզում է մարդկությանը կայանում է նրանում, թե ինչից է առաջանում քաղցկեղը և ինչպես կարելի է կանխարգելել այն:

Մինչ այժմ բազմաթիվ գիտնականների կողմից նշվել են բազմաթիվ քաղցկեղածին նյութեր, ինչպիսիք են` ծխախոտը, ոգելից խմիչքները, խոլեստերինով հարուստ արագ սնունդը, դիզելային արտանետումները, տարբեր կոսմետիկ միջոցները և այլն: Սակայն մեր տարածաշրջանի համար առավել վտանգավորություն է ներկայացնում հանքարդյունաբերական գործունեության չարաշահումը, որը արհեստականորեն քաղցկեղածին միջավայր է ստեղծում` ռիսկի տակ դնելով տարածաշրջանում բնակվող բնակչության կյանքը:

Հայաստանում ծանր մետաղային ախտոտման աղբյուր են հանդիսանում բաց եղանակով շահագործվող հանքերը, հանքարդյուանբերական գործարանները, ձուլարանները և պոչամբարները, որոնցով առավել հարուստ է Սյունիքի մարզը:

Նույնիսկ ամենաանտարբեր մարդկանց աչքից չի վրիպում այն հանգամանքը, որ մարզում տարեցտարի աննկարագրելի կերպով աճում են քաղցկեղից մահացության դեպքերը: Այս սարսափելի հիվանդության զոհն են դառնում ոչ միայն տարեցները, այլ բավականին երիտասարդ սերունդը:

Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի առաջատար մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հ.Ա.-ի կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Քաջարանից և հարակից գյուղերից, նաև Կապանից ԳԱԱ էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնը 10 երեխաների է տարել ստուգման, որի արդյունքում հայտնաբերվել է, որ բոլորը հիվանդ են. մազերի մեջ կուտակված ծանր մետաղներ են հայտնաբերել` սնդիկ, կադմիում, որը նույնիսկ լվանալուց հետո չի հեռանում: Այդ տարրերը քաղցկեղածին հարուցիչներ են: Բացի այդ, հետազոտված երեխաների (մոտ 43 տոկոս) արյան մեջ հայտնաբերվել է բավականին բարձր կապարի պարունակություն, իսկ 3 տոկոսի մոտ առկա է տոքսիկացիա: Հայտնի է, որ կապարի բարձր պարունակությունն օրգանիզմում ազդում է նյարդային համակարգի վրա, կարող է առաջացնել մտավոր թերզարգացվածություն, տեսողության, լսողության և խոսքի խախտումներ, ազդում է նաև երիկամների և ստամոքսի, նյութափոխանակության համակարգերի վրա: Օրգանիզմում պղնձի բարձր պարունակությունը թույն է: Եթե մետաղի պարունակությունը օրգանիզմում երկար ժամանակ բարձր է մնում, կարող են զարգանալ ուռուցքներ:

Հաճախ մարդիկ նախկին պոչամբարի տարածքում տնտեսական գործունեություն են ծավալում, քանի որ թունավոր նյութեր պարունակող պոչամբարի տարածքը առանձնացված չէ ու չկա որևէ նշան, թե այդ տարածքը նախկինում ծառայել է որպես պոչամբար: Իսկ այդ տարածքում աճող բանջարաբոստանային կուլտուրաները պարունակում են մեծ քանակությամբ այնպիսի նյութեր` կապար, ցինկ, մկնդեղ, կադմիում, սնդիկ, որոնք վնասակար են մարդու համար և կարող են ուռուցքածին ազդեցություն ունենալ:

Գիտնականնների մի խումբ եկել է այն համոզմանը, որ որոշ ծանր մետաղներ կարող են հանդիսանալ քաղցկեղի պրոմատոլ: Այսինքն չի կարելի ասել, որ ծանր մետաղների ազդեցությունը յուրաքանչյուր մարդու մոտ կբերի քաղցկեղի, բայց կարելի է ասել, որ դրանք կարող են դառնալ այդ հիվանդության սկզբնաղբյուր: Բոլորիս մեջ կան քաղցկեղի բջիջներ, որոնք սպասում են խթանիչների: Դա կարող է լինել սթրեսը, կարող է լինել և ուրիշ քիմիական նյութ, բայց ծանր մետաղները օժտված են քացկեղածին հատկություններով:

Բնակչության առողջության վրա ազդում են ոչ թե գլխավոր տնտեսական նշանակություն ունեցող քիմիական տարրերը, այլ երկրորդականները, որոնց չեզոքացման մասին խոսակցություն չի գնում, բայց որոնք հանքալեռնային գործունեության արդյունքում թափանցում են շրջակա միջավայր, մտնում են կենսաքիմիական ցիկլերի մեջ, կուտակվում են սննդամթերքում և փոխանցվում են օրգանիզմ: Դրանք առաջին տոկսիկության դասի տարրեր են` մկնդեղը, կապարը, սնդիկը, կադմիումը և այլն, որոնք օժտված են քաղցկեղածին հատկություններով, և բոլորն էլ առկա են մեր հանքանյութերում ու թափոններում չեն չեզոքանում:

Փաստն անհերքելի է և կարծում եմ այսքանից հետո չեն գտնվի մարդիկ, որոնք` ինչպես մեր Առողջապահության նախարարության ներկայացուցիչները, անակնկալի գալով հանդերձ կհերքեն «World Life Expectancy» (Կյանքի տևողությունը աշխարհում) կայքի 2016 թվականի հրապարակած արդյունքները` ըստ որոնց 172 երկրների մեջ չարորակ նորագոյացություններից մահացությունների թվով Հայաստանը գրավում է առաջին ‹‹պատվավոր›› հորիզոնականը:

Մնում է միայն այս կապակցությամբ լսել մեր կառավարության որոշումն այն մասին, թե ինչն է ըստ նրանց ավելի առաջնային` Հայաստանում հանքարդյունաբերական գործունեության աննախադեպ աճ ունենալը` բնակչությանը կորցնելու գնով, թե՞ հանքարդյունաբերական գործունեության այնպիսի վերահսկման մեխանիզմների մշակումը և կիրառումը, որը կսահմանափակի հանքարդյունաբերական գործունեությունը և կստիպի բնակչության առողջությանն ու շրջակա միջավայրին պատճառվող վնասները հասցնել նվազագույնի:

 

Նյութի աղբյուրը՝ syunikonline.am։

 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում