Հանրային քննարկման վերջին փուլ․ Մեղրաձորի հանքավայրը կշահագործվի՞ ևս 17 տարով

Վաղը՝ մայիսի 24-ին տեղի է ունենալու «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման թույլտվության ժամկետը երկարացնելու մասին 4-րդ հասարակական լսումը, որը վերջին փուլն է: Հայտարարությամբ ասվում է․ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ. մայիսի 24-ին, ժամը 15:00-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կիրականացվի «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)»։ 

Ներկայացված հայտում «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից կրճատվել է հանքի հետագա շահագործման համար սահմանված ժամկետը՝ մինչև 16.9 տարի: Հայտում ասվում է․ «Մեղրաձորի ոսկու հանքաքարի հանքավայրը շահագործվում է 1985 թ․-ից՝ «Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտի կողմից կազմված աշխատանքային նախագծի հիման վրա: Նախագիծը կազմվել է նախկին ԽՍՀՄ ՊՊՀ-ի կողմից հաստատված պաշարների հիման վրա: 2016 թ․ -ին կատարվել է հանքավայրի արմատական վերագնահատում հանքաքարի պաշարների հաշվարկումով: Ներկայացված նախագծով նախատեսվում է ստորգետնյա լեռնային աշխատանքներով արդյունահանել հանքաքարի բոլոր արդյունաբերական պաշարները։

Ստորգետնյա հանքի տարեկան արտադրողականությունը ըստ հանքաքարի կազմելու է 60 հազար տոննա։ Բոլոր ստորգետնյա լեռնային փորվածքներն անցկացվելու են հորատապայթեցման աշխատանքների կիրառմամբ։ Հանքային մարմնի բացումը նախատեսվում է իրականացնել համակցված՝ բովանցքներով և հանքային-թեքատներով։ Ստորգետնյա հանքում հանքաքարի ընդհանուր կորուստները կազմելու են 4-6%, միջինը՝ 5%, իսկ հանքաքարի որակի փոփոխությունը դատարկ ապարների հաշվին կազմում է 40-50%, միջինը՝ 45%: Հանքավայրին մոտակա բնակավայրը Մեղրաձոր գյուղն է, գտնվում է հանքի վարչական շենքից մոտ կես կիլոմետր, իսկ ստորգետնյա հանքից մոտ 2 կմ հեռավորության վրա»:

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիս ամսին ահազանգ է հնչել, որ հանքի աշխատանքների հետևանքով աղտոտվել է Մարմարիկ գետը։ 

Հայտով նշվել է նաև, որ հանքաջրերը թափվում են Մարմարիկ գետ և վերջինիս Գոմուռ վտակը: Գոմուռ գետ աղտոտող նյութերի 32.18 տոննա տարեկան արտահոսքի հիմնական մասը կազմում են սուլֆատները, կալցիումը, կախված նյութերը և մագնեզիում՝ 31.14 տոննա / տարի, կամ ընդհանուր արտահոսքի մոտ 97%: Մարմարիկ գետ աղտոտող նյութերի 11.82 տոննա տարեկան արտահոսքի հիմնական մասը կազմում են սուլֆատները, կալցիումը և մագնեզիում՝ 10.55 տոննա / տարի, կամ ընդհանուր արտահոսքի մոտ 89% : Ջրային ռեսուրսներ թափվող մաքրված հոսքաջրերի 2 արտահոսքերի համար ջրային ռեսուրներին հասցված տարեկան տնտեսական վնաս տեղի չի ունենում։ Ստորգետնյա հանքում աշխատում է 99 մարդ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում