Ընկուզենի սև. ՀՀ Բույսեր
նկուզենի սև (լատ.՝ Juglans nigra), ընկուզազգիների ընտանիքի, ընկուզենի ցեղի բույս։
Նկարագրություն
Հզոր, ճյուղատարած, տերեւաթափ ծառեր են՝ 35-40, երբեմն՝ 50 մ բարձրությամբ։ Բնի տրամագիծը հասնում է մինչեւ 1,5 մ-ի։ Այն ծածկված է խոր ճաքճքված, գրեթե սև կեղևով։ Ընձյուղները ձիթականաչ են, սկզբնական շրջանում ծածկված մոխրադեղնավուն աղվամազով եւ նոսր ոսպնյակներով։ Բողբոջները ձվաձև են կամ կլորավուն։ Տերևները կենտ փետրաձև են, 25-50 սմ երկարությամբ, կազմված 11-19 (երբեմն՝ 23) երկարավուն-ձվաձեւ տերեւներից, որոնց երկարությունը հասնում է 6 -10 սմ-ի, լայնությունը` 2,5-3,5 սմ-ի, սրածայր, մանր ատամնաեզր, կարճ կոթունավոր, սկզբում աղվամազով են ծածկված, հետագայում մերկանում են։
Բացվում են մայիսի կեսերին։ Տերևաթափը դիտվում է սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին։ Առէջային ծաղիկների երկարությունը հասնում է 6-15 սմ-ի, իսկ տրամագիծը 1-2 սմ-ի, առէջների թիվը հասնում է 20-30-ի, որոնք ունեն ծիրանագույն փոշանոթներ։ Վարսանդային ծաղիկները 3-5-ական են։ Կեղծ կորիզապտուղը գնդաձեւ է կամ տանձաձեւ, 3,5-5 սմ տրամագծով, պտղակոթը մազմզուկապատ է։ Ընկույզը կլոր է, ձվաձև կամ հակառակ-ձվաձև, սրագագաթ, 3-4 սմ տրամագծով, մուգ դարչնագույն, երկու ատամնաալիքաձև երկարավուն ելուստներով, նրանց միջև ընկած տարածությունը ծածկված է խոր ակոսիկներով։ Կճեպը հաստ է և պինդ։ Արագ է աճում։ Պահանջկոտ է հողի նկատմամբ, խոնավասեր է։ Արտակարգ ցրտադիմացկուն է։
Տարածվածություն
Բնական պայմաններում տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Մասսաչուսետսից դեպի հարավ մինչ7 Ֆլորիդա եւ Տեխաս, մեծ մասամբ աճում է լեռներում, լայնասաղարթ անտառներում, բերրի եւ բավականին խոնավ հողերում։ Մեր հանրապետության պայմաններում հազվադեպ է հանդիպում։ Հատուկենտ ծառեր կան Երևանում, Գյումրիում (կանաչ տնկարկներում), բուսաբանական այգում եւ նրա լեռնային բաժանմունքներում, դենդրարիներում։ Հանդիպում է անտառկուլտուրաներում։ Ամենուրեք լավ է հարմարվել տեղի պայմաններին՝ ցրտադիմացկուն է, շոգադիմացկուն, լավ է տանում ժամանակավոր երաշտը։ Խորհուրդ է տրվում մեր հանրապետության բոլոր դենդրոլոգիական շրջանների համար։
Կիրառություն
Բնափայտը խիստ արժեքավոր է։ Ընկույզը համեղ է և պարունակում է 55-60% ճարպեր։ Բազմանում է սերմերով և կտրոններով։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես գեղեցիկ, հզոր պարկային ծառատեսակ, որը կարելի է օգտագործել մասսիվներում, խմբերում, ծառուղիներում եւ որպես սոլիտեր: